Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակն ու հաստատել այդ ուղղությամբ հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը` ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով:
Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել արտադրական կոոպերացիայի շրջանակներում շարունակել համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: