Մատչելիության հղումներ

Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվում է ևս երեք ամսով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունել է արտակարգ դրության ժամկետը երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ կառավարության առաջարկը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, արտակարգ դրությունը կերկարաձգվի հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից սկսած:

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու առաջարկ հնչեցրել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

«Պետությանը ժամանակ է հարկավոր Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կառույցի հետևորդներից ազատվելու համար, և երեք ամիսը, թերևս, բավարար չի լինի այդ գործընթացը լիովին ավարտին հասցնելու համար», - հայտարարել էր նա:

Թուրքական իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսյան հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ` ԱՄՆ-ից պահանջելով արտաքսել կամ արտահանձնել վտարանդի գործչին: Այս կապակցությամբ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նախօրեին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ի պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ բանակցելու Գյուլենի ժամանակավոր ձերբակալության հարցի շուրջ: Բոզդաղի խոսքով` թուրքական կողմը հետախուզական տվյալներ ունի Գյուլենի հնարավոր փախուստի վերաբերյալ, այդ պատճառով անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել:

Իսկ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած կառույցում սպասվող փոփոխությունների մասին: «Հյուրիյեթը», մասնավորապես, վկայակոչելով հետախուզական ծառայությունների զեկույցները, գրում է, թե Թուրքիայի իշխանությունների թիվ մեկ հակառակորդ կառույցի ներսում քննարկվում է Գյուլենի հետնորդի հարցը: Ազդեցիկ գործչի արտահանձնման կամ առողջական խնդիրների առաջացման պարագայում կառույցի ղեկավարությունը կարող է ստանձնել Գյուլենի մերձավոր գաղափարակից և հավատարիմ դաշնակից Մեհմեդ Ալի Շենգյուլը:

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի տապալումից հետո թուրքական իշխանությունները պետական կառույցներից հեռացնում են Գյուլենի կառույցի հետ որևէ առնչություն ունեցող անձանց, մեկը մյուսի հետևից փակում են իրենց համար անցանկալի ընդդիմադիր լրատվամիջոցները:

Մինչև օրս շարունակվող զանգվածային ձերբակալությունների հետևանքով Թուրքիայում շուրջ 32 հազար մարդ է կալանավորվել, 70 հազար հոգու նկատմամբ քննություն է ընթանում:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG