Մատչելիության հղումներ

«Թուրան». Ադրբեջանում կարող են արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպվել


Իլհամ Ալիև և Մեհրիբան Ալիևա, արխիվ
Իլհամ Ալիև և Մեհրիբան Ալիևա, արխիվ

«Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կայանան», - պնդում է Բաքվում գործող միակ անկախ լրատվական գործակալության` «Թուրան»-ի վերլուծական բաժինը: Գործակալությունն այս հետևությանն է հանգել` վերլուծելով անցած շաբաթավերջին կառավարության նիստի ընթացքում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած ծավալուն ելույթը:

«Ալիևի ներածական ճառի թեման կապված չէր կառավարության նիստի օրակարգի` անցած 9 ամիսների տնտեսական տխուր ցուցանիշների հետ: Փոխարենը, այդ ելույթը յուրատեսակ ուղերձ դարձավ համաշխարհային ժողովրդավարությանն այն մասին, որ Ադրբեջանի վարչակազմը զարգացման այս փուլում գերադասում է հեռու մնալ [Արևմուտքից]` սահմանափակվելով համագործակցության որոշ տարրերով և զերծ մնալով ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունից», - գրում են «Թուրան»-ի փորձագետները:

«Մեր առավելությունը մեր որդեգրած ուրույն ուղին է, մենք միշտ շարժվում ենք մեր ընտրած ճանապարհով և որևէ մեկի ցուցումներին չենք ենթարկվում: Այդ իսկ պատճառով էլ այսօր Ադրբեջանում զարգացում և կայունություն կա: Որոշ մարդիկ ասում են, թե մենք պետք է ոմանց դուր գալու կամ դոնորների տրամադրած գումարների դիմաց ինտեգրվենք Եվրոպային: Բայց այսօրվա Եվրոպան մեր աչքի առջև է: Հենց Եվրամիության ղեկավարներն են խոստովանում, որ Եվրոպան խորը ճգնաժամի ճիրաններում է: Արդյո՞ք մենք պետք է ինտեգրվենք այդ ճգնաժամին, մահմեդական փախստականների հանդեպ երկակի չափանիշներ կիրառող այդ միավորմանը», - ուրբաթ օրը կառավարության նիստի ընթացքում հայտարարում էր Ալիևը՝ պնդելով, թե սեպտեմբերի 26-ի հանրաքվեի արդյունքները ևս մեկ անգամ վկայեցին, որ «պաշտոնական Բաքվի քաղաքականությանն այլընտրանք գոյություն չունի»:

«Փորձը ցույց է տալիս, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր, որոնք Ալիևի համար ճանապարհ հարթեցին դեպի անսահմանափակ իշխանություն, իշխող վարչակազմը մշտապես նույն մարտավարությունն է կիրառում», - գրում են «Թուրան»-ի մասնագետները` մանրամասնելով․ - «Բոլոր կարևոր ընտրություններից ու հանրաքվեներից առաջ Ալիևը սաստկացնում էր Արևմուտքի հասցեին հնչող քննադատությունը` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել արևմտյան կառույցների մասնակցությունը քվեարկությունների դիտարկմանն ու դրանց արդյունքների հաշվարկին: Նույնը կրկնվեց նաև սեպտեմբերի 26-ի հանրաքվեից հետո»:

«Կառավարության նիստին ունեցած իր ելույթով Ալիևը քողարկված ձևով նախագահական արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տվեց: Այդ ընտրությունները կարող են անցկացվել մինչև այս տարվա ավարտը», - ասված է հրապարակման մեջ:

Իրադարձությունների նման զարգացման դեպքում նախագահական ընտրությունները կանցկացվեն արդեն նոր Սահմանադրության դրույթների հիման վրա, ինչը հնարավորություն կտա հաջորդ` թվով չորրորդ ժամկետում վերընտրված Ալիևին նախ փոխնախագահներ նշանակել: Ադրբեջանական մամուլում և քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է:

Արտահերթ ընտրությունների և Մեհրիբան Ալիևայի փոխնախագահ նշանակման հնարավորության օգտին անուղղակիորեն խոսում է նաև երեկ Բաքվում տարածված մի հայտարարություն, որի հեղինակներն են «Ժողովրդական միասնություն հանուն հայրենիքի» շարժման անդամները: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի նախկին կողմնակիցներին միավորող այս ուժը հայտարարում է․ - «Երկրի փոխնախագահների պաշտոնների առկայությունը հնարավորություն կտա օպերատիվ կերպով լուծել Ադրբեջանի առջև ծառացած խնդիրները: Իսկ եթե Մեհրիբան Ալիևան դառնա առաջին փոխնախագահ, կարճ ժամանակահատվածում կհանգուցալուծվի ղարաբաղյան հակամարտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG