Մատչելիության հղումներ

Ստորագրվեց «Թուրքական հոսք» գազատարի շինարարության միջկառավարական համաձայնագիրը


«Պատմական համաձայնագիր. ռուսական գազը ուղիղ գալու է Թուրքիա»․ այսպես է մեկնաբանել թուրքական «Հյուրիյեթը» նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը:

Ստամբուլի Մաբեյն պալատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումից հետո երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակի և Բերաթ Ալբայրաքի ստորագրած համաձայնագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը կառուցել ցամաքային և ծովային երկու խողովակաշարից բաղկացած գազատարը, որի շինարարությունը շուրջ 12,5 մլդ դոլար կարժենա:

«Թուրքական հոսքը» սկիզբ է առնելու Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս է գալու Հունաստանին սահմանակից Իպսալա քաղաքի մոտ` ռուսական գազը տանելով հարավարևմտյան Եվրոպա:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նշել է, որ մտադիր են ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը առևտրաարդյունաբերական, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում: Նա հայտնել է, որ ռուսական կողմի հետ համաձայնության են եկել նաև օրակարգային մեկ այլ հարցի` «Աքքույու» ատոմակայանի կառուցման աշխատանքները արագացնելու շուրջ: - «Վստահ եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափով շարունակվելու է: Հավատում եմ, որ առաջիկայում հետ կբերենք կորցրած ժամանակը», - հայտարարել է Էրդողանը:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիային մատակարարվող գազի գնի զեղչման վերաբերյալ, ինչպես նաև հանվել են Թուրքիայից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները:

Թուրքական և ռուսական մամուլը լայնորեն անդրադարձել են անցած տարվա նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հայտնի միջադեպից հետո Ռուսաստանի նախագահի առաջին այցելությանը Թուրքիա և Էրդողան - Պուտին հանդիպման արդյունքներին: Թուրքական առաջատար պարբերականների առաջին էջերին այսօր երկու նախագահների ձեռքսեղմման լուսանկարներն են, գլխագրերն էլ` մեկը մյուսից բարձրագոչ: Այսպես՝ թուրքական «Սթար» և «Վաթան» պարբերականները «Թուրքական հոսքի» վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը պատմական են որակել, ըստ «Հաբեր Թյուրք»-ի` Ռուսաստանը և Թուրքիան էներգետիկ դաշնակիցներ դարձան: «Թյուրքիե» թերթն էլ գրում է` երազանքի նախագիծը իրականություն դարձավ, իսկ «Սյոզջու»-ն նշում է, թե Ստամբուլում սառույցները հալվեցին: «Փոստա» թերթը գրում է, որ Թուրքիան հավակնում է համաշխարհային էներգետիկ կենտրոններից մեկը դառնալ, իսկ «Թաքվիմ» թերթի համոզմամբ` աշխարհը նախանձում է այս նախագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG