Մատչելիության հղումներ

Ռուսաստանից անցած 25 տարում հեռացել են միլիոնավոր քաղաքացիներ


Արտապատկերում Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի կայքէջից, 11-ը հոկտեմբերի, 2016թ․
Արտապատկերում Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի կայքէջից, 11-ը հոկտեմբերի, 2016թ․

Ալեքսեյ Կուդրինի գլխավորած Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեն հրապարակել է Ռուսաստանից արտագաղթի միտումների թեմայով մանրամասն զեկույց, որի համաձայն` իրական արտագաղթի թիվն առնվազն երեք-չորս անգամ գերազանցում է պաշտոնական վիճակագրության ցուցանիշները:

Ահավասիկ, "Росстат"-ը հայտնում է, որ 1989-2015 թվականներին Ռուսաստանից հեռացել է 4.5 միլիոն մարդ, մինչդեռ, ըստ Կուդրինի կոմիտեի, շատ ավելի արժանահավատ և իրատեսական են արտասահմանյան տվյալները:

«Արտագաղթը Ռուսաստանից 20-րդ դարավերջից 21-րդ դարասկիզբ» զեկույցում, որը հրապարակվել է անցած շաբաթ, ասվում է, որ իրականում Ռուսաստանը լքել է 13-ից 18 միլիոն մարդ: Արտագաղթելու համար ռուսներին առավել ձգող երկրներում 2015-ի դրությամբ բնակվել է մոտ 1.5 միլիոն մարդ, ընդ որում՝ այստեղ ներառված չեն ապօրինի միգրանտները և Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր ունեն մուտքի վիզաներ և դրանց միջոցով տարվա մեծ մասն արտասահմանում են անցկացնում:

Տնտեսագիտության դոկտոր Օլգա Վորոբյովայի և թեկնածու Ալեքսանդր Գրեբենյուկի կազմած զեկույցում ասվում է, որ ըստ Գերմանիայի վիճակագրական ծառայության, 2011-14 թվականներին Գերմանիայում բնակություն է հաստատել 97 հազար ռուսաստանցի, իսկ ըստ "Росстат"-ի` ընդամենը 16 հազար:

Իսրայել տեղափոխվածների թիվը չորս անգամ ցածր է պաշտոնական տվյալներից, Ամերիկա տեղափոխվածների թիվը՝ 4.7 անգամ, Չեխիա տեղափոխվածներինը՝ 20 անգամ:

Տարբերության պատճառն այն է, որ "Росстат"-ը կիրառում է Միգրացիայի դաշնային ծառայության տրամադրած տվյալները, մինչդեռ, այդ ծառայությունը արտագաղթող է համարում միայն նրանց, ովքեր պաշտոնապես դուրս են գրվել բնակարաններից, և հաշվի չի առնում նրանց, ովքեր հաշվառումից դուրս չեն եկել, արտասահման են մեկնել ուսանելու կամ պայմանագրով աշխատելու համար և չեն վերադարձել:

Ռուսաստանցիների տեսակետից երեք առավել գրավիչ պետություններն են Իսրայելը, Գերմանիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: 1990-ականների սկզբից ի վեր Իսրայել է տեղափոխվել ավելի քան 150 հազար քաղաքացի, Գերմանիա՝ մոտ 750 հազար հազար, իսկ Ամերիկա՝ մոտ 110 հազար:

Բացի այդ, կա Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Կանադա, Ֆինլանդիա և Ֆրանսիա տեղափոխվող մարդկանց ոչ մեծ, սակայն կայուն հոսք: Այդ երկրներ է մեկնում տարեկան 300-ից 700 ռուսաստանցի:

Ի դեպ, մեկնողների շրջանում շատ մեծ է մասնագետների թիվը: 2002-2011 թվականներին Ռուսաստանից հեռացել է բարձրագույն կրթություն ունեցող 93 հազար մարդ, գիտության մոտ 250 դոկտոր և 650 թեկնածու, իսկ արտասահմանից Ռուսաստան տեղափոխված մարդկանց թվում բարձրագույն կրթություն ունի 14 տոկոսը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Ռուսաստանից հեռացողներն ունեն «մարդկային կապիտալի բարձր որակներ»՝ նրանք երիտասարդ են և այս կամ այն ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներ:

Ռուսաստանից արտագաղթելու երկու հիմնական պատճառներն են համարվում տնտեսությունը և քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG