Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս է Վաշինգտոնը Մոսկվային պատժելու կիբերհարձակումների համար


Ինչպե՞ս է Միացյալ Նահանգները պատժելու Ռուսաստանին՝ կիբերհարձակումների համար. վերջին օրերին շատ հնչող այս հարցին Սպիտակ տունն առայժմ չի շտապում պատասխանել: Փոխարենը, լրատվամիջոցներն են փորձում հնարավոր սցենարը կանխագուշակել՝ դիտարկելով ամերիկյան կողմի հնարավորությունները:

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսին նախ հարձակման ենթարկվեցին Դեմոկրատական կուսակցության ընտրական հանձնաժողովի սերվերները, մի քանի շաբաթ անց էլ՝ ամերիկյան երկու նահանգներում առցանց քվեարկության համակարգը: Հետաքննությունների դաշնային բյուրոն երկու դեպքում էլ ակնկարկեց Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերային խմբերի մասնակցության մասին:

Այժմ, երբ Սպիտակ տունը արդեն պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է գերժամանակակից կիբերհարձակումների և դարավոր պատմություն ունեցող տեղեկատվական զենքի օգնությամբ ամերիկյան նախագահական ընտրությունների վրա ազդել փորձելու մեջ, քննարկվում են պատասխանելու բազմաթիվ տարբերակներ, գրում է The New York Times-ը` շարունակելով. - «Oրինակ՝ հանձնարարել ամերիկյան կառավարության հաքերներին Կրեմլին հրամցնել վտանգավոր ծրագրերի դոզա: Տեխնիկապես սա այնքան էլ դժվար չէ, սակայն պետք է ընտրել ռազմավարական և քաղաքական առումով ճիշտ հակահարված»:

Պարբերականի համոզմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տարբերակներ շատ ունի՝ ռուսաստանցիներին ամոթանք տալուց, ինչը և արել է անցած ուրբաթ, մինչև ավելի կոշտ պատասխաններ, այդ թվում՝ առաջին անգամ կիրառել այն պատժամիջոցները, որոնք ստեղծվել են իր անմիջական հրամանով, երբ Հյուսիսային Կորեան հարձակման էր ենթարկել Sony Pictures Entertainment-ը:

Քննարկվող տարբերակներից մեկն էլ, ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, արդարադատության նախարարության կողմից մեղադրանք առաջադրելն է այն ռուսաստանցիներին, ովքեր կանգնած են Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի վրա կիբերհարձակումների ետևում, կամ նրանց նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել:

Բացի այդ, Օբաման կարող է գաղտնի հետախուզական գործողություններ սկսելու հրաման տալ՝ ռուսաստանյան համակարգչային սերվերների վրա հարձակվելու և դրանք շարքից հանելու վերաբերյալ, կամ գաղտնազերծելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ընկեր օլիգարխների ֆինանսական գործարքները:

«Մեր պատասխանը հարձակմանը համարժեք պետք է լինի», - ասել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Մորելը, ում թեկնածությունը դիտարկվում է որպես հետախուզության ապագա ղեկավար՝ Քլինթոնի ընտրվելու դեպքում: Մորելը The New York Times-ի հետ զրույցում նշել է, որ քրեական մեղադրանքներն ու առանձին անձանց դեմ պատժամիջոցները Ռուսաստանի համար «մոծակի խայթոցի պես մի բան է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG