Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը համալրվել է ազատությունից զրկման վայրերում ջերմաստիճանի և խոնավության, լույսի, տարածության և մակերեսի չափման հատուկ սարքավորումներով:
Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ հատուկ նպատակի համար նախատեսված այդ սարքավորումները կօգտագործվեն քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման և ազատությունից զրկման այլ վայրերում մոնիթորինգ իրականացնելիս:
«Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն», - ասված է հաղորդագրությունում:
Սարքավորումները ձեռք են բերվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ: