Մեկուկես ժամ հեղված մեղադրանքներից, անձնական վիրավորանքներից մինչև հակառակորդին բանտարկելու սպառնալիքներ. երեկ՝ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը նախընտրական բանավեճը հասցրին նոր՝ աննախադեպ սուր մակարդակի:
Լարվածությունն ակնհայտ դարձավ հենց առաջին պահից, երբ թեկնածուներն առանց ձեռք սեղմելու, միամգամից անցան հարձակումների: Ուշադրության կենտրոնում նախօրեին շրջանառության մեջ դրված տասը տարվա վաղեմության տեսանյութն էր, որտեղ հանրապետական թեկնածու անվայելուչ խոսքեր էր շռայլում կանանց հասցեին:
«Դա հանդերձարանում տղամարդկային զրույց էր, որի համար ես ներողություն եմ խնդրել իմ ընտանիքից ու ամերիկացիներից: Եվ մենք խոսում ենք այդ մասին՝ ապրելով մի աշխարհում, որտեղ «Իսլամական պետությունը» մարդկանց գլխատում է ու այրում վանդակներում, մի աշխարհում, որտեղ պատերազմներ են, և այսքան սարսափելի բաներ են կատարվում»:
Որքան էլ միլիարդատեր գործարարը փորձում էր շեղել խոսակցությունը, նախկին պետքարտուղարը վերադարձավ դրան՝ հիշեցնելով, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը շատերին է հասցրել վիրավորել՝ դաշնային դատավորից մինչև Նահանգների գործող նախագահ: Ընդ որում, որևէ մեկից այդպես էլ ներողություն չի խնդրել:
«Նախկինում ես մի շարք տարաձայնություններ եմ ունեցել հանրապետական թեկնածուների հետ՝ քաղաքական ու սկզբունքային, սակայն երբեք հարցականի տակ չեմ դրել նրանց նախագահելու կարողությունը: Թրամփի դեպքում այլ է: Ես շարունակում եմ պնդել, որ նա ունակ չէ լինել բանակի գերագույն գլխավոր հրամանատար ու երկրի նախագահ: Նա պարտավոր է ներողություն խնդրել մեր երկրից ու պատասխանատվություն կրել իր խոսքերի ու գործերի համար», - հայտարարել է Քլինթոնը:
Ի պատասխան Թրամփը հորդորեց նախկին պետքարտուղարին անձամբ ներողություն խնդրել իր հազարավոր էլեկտրոնային նամակները ջնջելու համար՝ զայրացած նետելով, որ եթե Քլինթոնն աշխատեր մասնավոր հատվածում, վաղուց բանտարկված կլիներ իր այդ քայլի համար․ - «Եթե ես հաղթեմ, կհանձնարարեմ գլխավոր դատախազին ձեր գործը հատուկ հետաքննել, քանի որ այսպիսի բան մինչև օրս չի եղել: Չի եղել այսքան սուտ ու խաբեություն, և մենք պետք է այս դեպքը քննության առնենք»:
Հանրապետական միլիարդատերը է՛լ ավելի հեռուն գնաց՝ հիշեցնելով նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ոչ պակասա աղմկահարույց անցյալը․ - «Նա շատ ավելի վատ բաներ է արել կանանց հետ և պարբերաբար: Ինչից Հիլարին պիտի ամաչի»:
Նախկին պետքարտուղրաը նախընտրեց անարձագանք թողնել մրցակցի մեղադրանքներն ու ակնարկները ամուսնու հասցեին:
Կրքերը է՛լ ավելի թեժացան, երբ հանրապետական Թրամփը հրաժարվեց իր իսկ դաշնակցի՝ փոխնախագահի թեկնածու Մայքլ Փենսի խոսքերից Սիրական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ: Անցած շաբաթ հանրապետականների փոխնախագահի թեկնածուն հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները պետք է հարվածներ հասցնի Ասադի վարչակազմի թիրախներին՝ եթե Ռուսաստանը շարունակի ռմբակոծել Հալեպը:
«Մենք այդ հարցը չենք քննարկել», - ասաց Թրամփը: - «Ես նրա հետ համամիտ չեմ: Ոմանք կարծում են, թե մենք պետք է պայքարենք և՛ «Իսլամական պետության», և՛ Ասադի վարչակազմի դեմ, մինչդեռ ես կարծում եմ, որ մենք պետք է նախ «Իսլամական պետության» վրա կենտրոնանանք, հետո ներգրավվենք այլ հարցերում», - ասաց Թրամփը:
Քլինթոնը առիթը բաց չթողեց՝ մեղադրելու մրցակցին Պուտինին սատարելու և ռուսամետ քաղաքականություն որդեգրելու համար․ -«Մեր անվտանգության ծառայությունը հավաստեց, որ վերջին օրերին Կրեմլը, Պուտինը, Ռուսաստանի կառավարությունը հաքերային հարձակումներով փորձում են ազդել ամերիկյան ընտրությունների վրա: Ամերիկյան պատմության մեջ երբևէ որևէ օտար երկիր այսչափ ջանք չի գործադրել մեր ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Եվ հավատացեք՝ ռուսները հանուն իմ հաղթանակի նման բան չէին անի»:
Ի պատասխան, Թրաքմը մրցակցին մեղադրեց Միացյալ Նահանգների սահմաններից դուրս վարչակազմերի տապալմանը նպաստելու, ձախողված արտաքին քաղաքականություն վարելու համար:
Թեժ բանավեճը մի փոքր հանդարտվեց միայն վերջում, երբ թեկնածուներին հարցրին՝ մեկը մյուսի մեջ բնավորության որ գիծ է հարգում:
Քլինթոը մատնացույց արեց Թրամփի երեխաներին: Թրամփը նշեց, թե նախկին պետքարտուղարը երբեք չի հանձնվում:
Տասն օրից Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլիթոնը ևս մեկ՝ վերջին բանավեճը կանցնացնեն նոյեմբերի ութին կայանալիք ընտրութուններից առաջ: