Մատչելիության հղումներ

Ստամբուլում ընթանում է Պուտին - Էրդողան հանդիպումը


Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան, արխիվ
Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ստամբուլի «Յըլդիզ» պալատում այս պահին ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:

Նախատեսված է, որ հանդիպման ավարտին ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Ռուսաստանի համար չափազանց կարևոր «Թուրքական հոսք» գազատարի աշխատանքների ճանապարհային քարտեզը:

Նման հայտարարության երեկ արել էր ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Իսկ այսօր ռուսաստանյան «Սպուտնիկ»-ի հետ հարզազրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փոխանցել է, որ այդ հարցը քննարկել է ռուսաստանցի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հեռախոսազրույցում:

Ստամբուլում այսօր կայացած Համաշխարհային էներգետիկ համաժողովի իր ելույթում այս մասին ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հայտարարելով, որ «Թուրքական հոսք»-ով Անկարան մտադիր է ադրբեջանական և ռուսաստանյան գազը վաճառել եվրոպական երկրներին:

Էրդողանին հանդիպելուց առաջ Պուտինը ելույթ է ունեցել համաժողովում՝ ասելով․ - «Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման մակարդակի սառեցման կամ կրճատման մասին որոշմանը և ակնկալում է, որ նոյեմբերին կայանալիք Նավթարդյունահանողների միջազգային կազմակերպության հավաքին նման որոշում կկայացվի»:

Իր ելությում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում ևս կշարունակի համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ մնալով «վստահելի և հուսալի գործընկեր»:

Ստամբուլում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա նույնպես մասնակցում է Էներգետիկ համաժողովի աշխատանքներին։ Երեկ Ալիևը հանդիպել է Էրդողանի հետ։ Իսկ կլինի՞ արդյոք այսօր Ալիև - Պուտին հանդիպում՝ այս պահի դրությամբ հայտնի չէ։

Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգի կարևոր հարցերից է համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը երեկ ասել է, որ «Ակկույեկ» ատոմակայանի կառուցման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 20 միլիարդ դոլարի ներդրում։

Մոսկվան ու Անկարան մտադիր են վերականգնել և է՛լ ավելի զարգացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի վկայությունն է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հայտարարությունը։ Պուտինի այցի նախօրեին թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են երկկողմ առևտրային շրջանառությունը հասցնել մինչև 100 միլիարդի։ Այսօր այն կազմում է 20 միլիարդ, իսկ 100 միլիարդի ապրանքաշրջանառություն Ռուսաստանը չունի նույնիսկ Չինաստանի հետ։

Պակաս կարևոր չեն ռուս-թուրքական այսօրվա բանակցությունները նաև քաղաքական առումով։ Մոսկվան հույս ունի ստանալ ինչ-որ աջակցություն Թուրքիայից Սիրիայի հարցում, քանի որ լինելով արևմտյան կոալիցիայի անդամ Սիրիայում՝ Անկարան, ի տարբերություն արևմտյան երկրների, չի քննադատում Մոսկվային, համենայն դեպս՝ Մոսկվայի հետ հարաբերությունները երեք ամիս առաջ վերականգնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG