Սևանի քաղաքապետի ընտրություններում պարտված, արդեն նախկին քաղաքապետ, Հանրապետական Ռուդիկ Ղուկասյանը կդիմի վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել անցած կիրակի Սևանում անցկացված քաղաքապետի ընտրությունները։
«Ազատության» հետ զրույցում Ղուկասյանը պնդեց, որ ընտրություններն անցել են խախտումներով՝ ընտրակաշառքներ են բաժանվել իր հիմնական մրցակցի՝ իշխող Հանրապետականի կողմից առաջադրված անկուսակցական թեկնածու Սարգիս Մուրադյանի օգտին։
«30 տոկոս ազգաբնակչությունը բացակայում է հանրապետությունից, Երևանում, Շամշադինում, ի՞նչ տարբերություն, ընդհանուր ես միջինացված թիվ եմ ասում, 100 տոկոս ազգաբնակչությունը հանրապետությունո՞ւմ է, եթե 30 տոկոսը բացակայում է, մնացած 82 տոկոսը ո՞նց եկան քվեարկության։ 12 հազար մարդ Սևանում չէ՞ր կարող գալ քվեարկության։ Իհարկե կեղծել են, ինձ մոտ կադրեր էլ կան նկարված, թե ոնց են բյուլետենները տանում դնում նրա վրա, որպես նրա բյուլետեն։ Ե՛վ կեղծել են, և՛ կաշառք են բաժանել, բայց նպատակը չհասկացա՝ ինչի համար», - ասաց Ղուկասյանը։
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, անցած կիրակի կայացած ընտրություններում թեժ պայքարի արդյունքում 67-ամյա Ղուկասյանը կրկնակի պակաս ձայներ ստանալով՝ պարտվեց «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի տեղակալ, 32-ամյա Սարգիս Մուրադյանին։
Սևանը 4 տարի ղեկավարած Ղուկասյանի օգտին քվեարկել էր 3 հազար 669 ընտրող, իսկ նրա հիմնական մրցակից Սարգիս Մուրադյանին ձայն էր տվել 6 հազար 671 ընտրող։
Ղուկասյանն պնդեց, որ իր օգտին նշված քվեաթերթիկները տրվել են հիմնական մրցակցին։ «Ժողովուրդը ձայն տվեց, բայց ձայնը չհասավ, ձայները գնաց նրանց։ Ոստիկանությունը հանձնաժողովի վրա ճնշում գործադրեց իմ ձայները տվեց իրանց», - ասաց Ղուկասյանը։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ հարազատ կուսակցությունն իրեն սատարելու փոխարեն, անկուսակցական, արդեն ընտրված Սարգիս Մուրադյանին սատարեց, Ռուդիկ Ղուկասյանը պատասխանեց. - «Չգիտեմ, այդ հարցն ուղղեք Հանրապետականին»։
Մինչ արդեն նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության 17 տարվա անդամ Ղուկասյանը պատրաստվում է բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումը, նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը պնդում է՝ իր և իր թիմի կողմից ընտրակաշառք չի բաժանվել, քվեարկությունն էլ անցել է նորմալ։ «Ես Ձեզ մի բան կհավաստիացնեմ՝ ընտրակաշառք մեր կողմից ընդհանրապես չի բաժանվել, ամբողջ քաղաքն է խոսում, թե ում կողմից է բաժանվել։ Ընտրություններն էլ անցել է շատ նորմալ։ Եթե ինքն ինչ-որ խնդիրներ ունի, ինքը բողոքարկել է, ինչ ասեմ, եթե ինքը խախտումների փաստ ունի, հայտարարություն արեց, գոնե մի փաստ կներկայացներ», - ասաց Մուրադյանը։
Սևանի նորընտիր 32-ամյա քաղաքապետ Մուրադյանն անկուսակցական չի մնա, նա պատրաստվում է համալրել իշխող Հանրապետականի շարքերը՝ ի նշան երախտիքի։ «Անկուսակցական էի, պատրաստվում եմ Հանրապետական դառնալ։ Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց, սատարեց ինձ, որն ինձ համար մեծ պատասխանատվություն էր, ես էլ պատրաստվում եմ ընդգրկվել Հանրապետական կուսակցության շարքերը», - ասաց Սևանի քաղաքապետը։
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Լևոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ռուդիկ Ղուկասյանը վերահաշվարկի դիմում չի ներկայացրել, ուստի և հնարավոր չէր պարզել, թե իսկապե՞ս նրա օգտին ստացված քվեաթերթիկները տրվել են մյուսին։
Լևոնյանն ասաց, որ Ռուդիկ Ղուկասյանը միայն բողոք է ներկայացրել անվավեր ճանաչելու քվեարկության արդյունքները, բայց նրա բերած տեղեկությունները բավարար չէին կատարելու իր պահանջը։
«Եթե նման խնդիր կար, որ մի թեկնածուի քվեաթերթիկները դրվել է մյուս թեկնածուի օգտին, դա կարող էր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, պարզել միայն վերահաշվարկի դիմում ներկայացրած լինելու պայմաններում։ Վերահաշվարկի նման դիմում չի ներկայացվել որևէ տեղամասի համար։ Իսկ իր վարչական բողոքին կից ներկայացված նյութերով որևէ մեկով չէր երևում նման կադրեր, որտեղ որ կերևար, որ իր օգտին քվեարկած քվեաթերթիկները վերցվել են», - ասաց թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ։
Լևոնյանը փոխանցեց, որ արդեն նախկին քաղաքապետի դիմումը վարչական դատարանը պետք է քննարկի եռօրյա ժամկետում։