Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել:
Քաղաքապետարանի փոխանցմամբ, Փարիզի քաղաքապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Ծիծեռնակաբերդ այցի ավարտին Անն Իդալգոն նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Փարիզի քաղաքապետը Հայաստանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով։