Մատչելիության հղումներ

Գործարարը հայտարարում է, թե պատրաստ է 100 միլիոն դոլարի ներդրում անել «Նաիրիտ»-ում


Աշոտ Գրիգորյան
Աշոտ Գրիգորյան

«Նաիրիտ»-ի սնանկության հարցում մեղավոր է եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը», - այսօր հայտարարեց «Նաիրիտ»-ի վերագործարկման համար 100 մլն դոլար ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնած գործարար Աշոտ Գրիգորյանը։

«Գիտեք՝ ի՞նչ է տեղի ունեցել անցյալ անգամ սնանկությունը և այս ամբողջ սկանդալը, որովհետև պետությունն ինքն է մասնակցել գողությանը։ Հասկացե՛ք, առանց պետության մասնակցության, գողություն չի կարող լինել», - ասաց Գրիգորյանը։

Սլովակիայից ժամանած հայ գործարարին երեկ ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գործարարը վարչապետին տեղեկացրել է, որ նախատեսում է վերականգնել քիմիական արտադրությունը՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների մշակած ծրագրի հիման վրա, պայմանով, որ «Նաիրիտ»-ն իրեն վաճառեն մեկ եվրոյով։ Դրանից հետո գործարարը վստահեցնում է, որ կանի 100 միլիոն դոլարի ներդրում։

«Վարչապետի պատասխանը եղել է դրական, բայց մի քիչ լղոզված։ Վարչապետի պատասխանը եղել է՝ «մենք պատրաստ ենք, մենք ցանկացած դրական առաջարկի պատրաստ ենք», այսինքն, հայտարարության մակարդակ է սա, «բայց», այ այդ «բայց»-ն իմ դուրը չի եկել, որովհետև չի կարելի ներդրողների մոտ բայց ասել», - հայտարարեց գործարարը։

Ըստ Գրիգորյանի, «բայց»-ը կառավարության թերահավատությունն է։ Իրեն սկսել են ներկայացնել «Նաիրիտ»-ի վերագործարկելու ձախողման դեպքերը։

«Դուք ինչո՞ւ եք այս ծանր խնդրի մեջ մտնում, դուք արդյո՞ք հաշվարկել եք, իսկ դուք գիտե՞ք էներգակիրների գները, իսկ դուք հաշվարկե՞լ եք տասը տարվա կտրվածքով «Նաիրիտ»-ի արտահանման խնդիրները և այլն»։ Սովորաբար ճիշտ հակառակն է լինում այլ երկրներում ՝ ներդրողը, եթե ինչ-որ կասկածներ ունի, կասկածները փարատում են։ Պատմության մեջ առաջին անգամ ես հանդիպում եմ, երբ կառավարությունը կասկածներ է ներշնչում ներդրողին», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ունի արդյո՞ք ներդրողը երաշխիքներ, որ գործարանը գնելուց հետո ի զորու կլինի իսկապես վերականգնել արտադրությունը, ոչ թե նոր պարտքեր կուտակել և հեռանալ, գործարարը պատասխանեց. - «Պայմանագրի առաջին իսկ կետը, եթե չկատարեցինք, պետությունն իրավասու է դադարեցնելու հարաբերությունները։ Պետությունը դա շատ լավ գիտի և մինիմում դեմագոգիա է, երբ որ այսպիսի հարցեր են տալիս պարոն Յոլյանի մակարդակով», - ասաց գործարարը։

«Նաիրիտ»-ը վերագործարկելու պատրաստակամություն Աշոտ Գրիգորյանը հայտնել է դեռ նախկին կառավարությանը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանն օգոստոսի 31-ին «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է. - «Ասում եմ՝ «շատ լավ, ներկայացրեք ծրագիր»։ Եթե մարդն ասում է՝ «տվեք ինձ մի դոլարով, ես 20 միլիոն ներդրում կանեմ, դա ծրագիր է», ապա, ես, լինելով տնտեսագետ, նման գնահատական այդ առաջարկին չեմ կարող տալ»։

Նախկին նախարարին հակադարձում է նախկին տնօրենը. Կարեն Իսրայելյանն ասում է՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիր գոյություն ունի և կառավարությունը դրան քաջատեղյակ է։ «Դա «Նաիրիտ» գործարանի ղեկավարության կողմից Ազգային ժողովին և կառավարությանը ներկայացրած ծրագիրն է. մեր ներդրողները ծանոթացել են իմ միջոցով այդ ծրագրին և պատրաստ են այդ ծրագրի տակ գումարներ ներդնել», - ասաց Իսրայելյանը։

Նաիրիտցիների համար կարևոր չէ՝ ով կստանձնի վերագործարկումը, կարևորը, որ դա տեղի ունենա, ասում է նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանը։ «Պարոն Զախարյանը օգոստոս ամսին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասեց, որ «Նաիրիտ» գործարանը որպեսզի իրենք փոշիացնեն՝ հողին հավասարեցնեն, անհրաժեշտ է 100 միլիոն դոլար, իսկ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար անհրաժեշտ է 62 միլիոն դոլար, և ուզում եմ հարցնել ձեզ՝ հարգելի լրագրողներ, որն է մեզ համար շահավետ», - ասաց Մանուկյանը։

100 միլիոնն դոլարի ներդրումը «Նաիրիտ»-ում Աշոտ Գրիգորյանի միակ նպատակը չէ։ Այսօր տեղեկացրեց, որ բանակցում է լուրջ կազմակերպությունների հետ՝ երկաթուղու կառուցման հարցում ևս։ «Չէ, անունները չեմ ասի, որովհետև դեռ մոտիկից չգիտեմ։ Բայց արդեն հանդիպել ենք, քննարկել ենք», - ասաց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG