Մատչելիության հղումներ

Գերմանացի երգիծաբանի նկատմամբ Թուրքիայի պահանջով հարուցված քրեական գործը կասեցվել է


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կբողոքարկի գերմանական դատարանի որոշումը, որով կասեցվել է գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի նկատմամբ իր հարուցած քրեական գործը:

Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայության փոխանցմամբ` Մյունխենում նախագահ Էրդողանի փաստաբանը հայտնել է բողոքարկման մտադրության մասին:

Երեքշաբթի օրը Մայնցի դատախազությունը դադարեցրել է Բյոհերմանի նկատմամբ քրեական հետապնդումը` համարելով, որ նախագահ Էրդողանին հասցեագրված երգիծական բանաստեղծությունը քրեորեն դատապարտելի զանցանք չէ:

Գերմանացի երգիծաբանը «Թվիթեր»-ում հրապարակված տեսանյութով իր երախտագիտությունն է հայտնել կայացված որոշման առիթով` նշելով, թե այսուհետ կարող է կատակել ցանկացած թեմայով: Միևնույն ժամանակ նա քննադատություն է հնչեցրել թուրքական իշխանությունների հասցեին` արվեստագետների, լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականության համար:

Հիշեցնենք, գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանը անցած մարտին գերմանական հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող Neo Magazin Royal հաղորդման ժամանակ երգիծական բանաստեղծության միջոցով ասել էր, թե Էրդողանը սեռական հարաբերություններ է ունենում այծերի և ոչխարների հետ, ինչից հետո Թուրքիայի նախագահը գերմանական իշխանություններից պահանջել էր պատժել Բյոհերմանին:

Թուրքիան բանավոր նոտա էր հղել Գերմանիայի ԱԳՆ-ին` պահանջելով երեք տարով ազատազրկել նրան:

Սկանդալային հաղորդման հեռարձակումից երկու շաբաթ անց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արտոնել էր դատական գործ հարուցել Բյոհերմանի նկատմամբ` գերմանական քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով` օտարերկրյա պաշտոնյային վիրավորելու մեղադրանքով:

Թուրքական կողմի վրդովմունքը այնքան մեծ էր, որ հարցը քննարկվել էր կանցլեր Մերկելի և այն ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջև, ինչից հետո տեսանյութը հեռացվել էր համացանցից:

Իսկ գերմանացիները հետաքրքիր կերպով էին արտահայտել իրենց բողոքը Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման նկատմամբ: Ի պաշտպանություն երգիծաբանի, Քյոլնի Urban Burgery սրճարաններից մեկի ճաշացանկում հայտնվել էր այծի պանրով նոր բուրգեր` «Էրդողան բուրգեր» անունով և «Բյոհերմանի թխվածք», որի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է որպես աջակցություն Թուրքիայում բանտարկված լրագրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG