Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները հոկտեմբերի վերջին կժամանեն տարածաշրջան։ Այցի օրը, սակայն, Ուորլիքը, չի հստակեցրել։
Գործակալության հետ զրույցում դիվանագետը հույս է հայտնել, որ այցի ընթացքում «կհաջողվի հանդիպել երկու երկրների նախագահների հետ»:
Ուորլիքը նաև ողջունել է հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելու պատրաստակամության մասին Ֆրանսիայի առաջարկը։ «Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ, սերտորեն համագործակցում են միջնորդական ջանքերը շարունակելու համար՝ ուղղված շարունակական խաղաղության հաստատմանը», - ասել է Ուորլիքը:
Դիվանագետը, պատասխանելով «հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ բանակցություններում դադար տալու հնարավորության մասին հարցին, ասել է. - «Հայաստանի ընտրությունները մեկնաբանելու լիազորություն չունեմ: Սակայն կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորմանը, և մենք չենք կարծում, թե ինչ-որ բան բան կփոխվի»: