Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հավատում եմ՝ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել բոլոր նախկիններին»


Այսօր ելույթ ունենալով նոր ձևավորված կառավարության նիստում, նախագահ Սերժ Սարգսյանը գործադիրի թիվ մեկ խնդիր հռչակեց կառավարման արդյունավետության բարձրացումը, պահանջեց անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին ու հորդորեց չնեղանալ․ - «Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է»:

«Հնարավոր է և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների», - իր միտքը շարունակեց Սարգսյանը: - «Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք, նեղանալ և նեղսրտել չկա»:

Նախագահ հիշատակեց նաև սահմանադրական փոփոխությունները․ - «Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը: Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը»:

Իր նախագահության օրոք երրորդ անգամն է, որ Սերժ Սարգսյանը ներկայացնում է նոր վարչապետ: 2008-ի ապրիլին ներկայացնելով նորնշանակ վարչապետին ու կառավարության անդամներին՝ Սարգսյանը հայտարարեց․ «Ե՛վ 2007-ը, և՛ դրան նախորդող տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, և մենք հիմա պետք է ավելի հավակնոտ ծրագրեր ունենանք, պիտի համարենք, որ մեր բարեփոխումների առաջին փուլը ավարտել ենք և անցնում ենք երկրորդ փուլին: Այս առումով, ուզում եմ արդեն պաշտոնապես ձեզ ներկայացնել Տիգրան Սարգսյանին և հույս հայտնել, որ նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին, իրոք, կիրագործի հավակնոտ ծրագրեր»:

Հաջորդ՝ 2009 թվականը Հայաստանը փակեց տնտեսական ճգնաժամով և ցայսօր չի վերականգնել տնտեսության նախաճգնաժամայաին մակարդակը:

2014-ի ապրիլին Հայաստանն ուներ նոր վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանը, և նախագահ Սարգսյանը դարձյալ հանդես եկավ ճառով․ - «Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները»:

Երբ Հովիկ Աբրահամյանը թողեց այդ պաշտոնը, արդեն հաջորդ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք հանրությունը պարզեց, որ երկրի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում:

Ինչևէ, այսօր կառավարության նիստում ավարտելով իր խոսքը, Սերժ Սարգսյանը մի քանի անգամ դիմեց նախարարներին․ - «Նորից եմ հարցնում՝ կա՞ն հարցեր: Գիտեք, երբ որ հարցեր չեն լինում, երկակի բան է առաջանում՝ կա՛մ ամեն ինչը հասկանալի է և ընդունելի, կա՛մ՝ անհասկանալի է ու անընդունելի: Հուսով եմ, որ առաջինն է: Հաջողություն եմ մաղթում ձեզ»:

Նախագահի ելույթին արձագանքեց վարչապետ Կարապետյանը՝ նշելով, որ մոտ օրերս կառավարությունն արդեն իսկ կներկայացնի իր ծրագիրը․ - «Այդ իսկ պատճառով բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենը իրագործել»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, նախորդ կառավարությունների առջև Սերժ Սարգսյանը նույնպես հավակնոտ խնդիրներ էր դրել, սակայն արդյունքն այլ եղավ․ - «Որևիցե ծրագիր չի փրկի կառավարությանը այսօրվա տնտեսական խնդիրների լուծման հարցում՝ եթե չկա քաղաքական որոշում, որ ամբողջ համակարգի բովանդակությունը, էությունը փոխվում է: Այսինքն, եթե քաղաքական որոշում չկա, որը հնարավորություն կտա կառավարությանը ազատ գործելու, մենաշնորհների դեմ պայքարելու, կոռուպցիան վերացնելու, մրցակցային միջավայր ապահովելու, որևէ ծրագիր չի օգնի»:

Սուրիկ Խաչատրյանին «շտապելով» ազատեցին պաշտոնից

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, առաջին որոշումը, որ կայացրեց կառավարությունը՝ Սուրիկ Խաչատրյանին իր դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելն էր, թեև այդ հարցը օրակարգում 20-րդն էր:

Երբ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Վահե Հակոբյանին Սյունիքի նոր մարզպետի նշանակելու հարցը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ տվյալ հարցին կանդրադառնան երկրի նախագահի կողմից Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը հաստատելուց հետո:

Վարչապետ Կարապետյանը ժպտալով դիմեց Լոքյանին․ - «Շտապում եք, պարոն Լոքյան»: Վերջինս արձագանքեց․ - «Այդպես էր հանձնարարականը»:

Լոքյանը այդպես էլ չմանրամասնեց, թե ով և երբ է իրեն հանձնարարական տվել շտապել Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանին ազատելու հետ կապված:

Ինքը՝ Սյունիքի արդեն նախկին մարզպետը, ով ճիշտ մեկ շաբաթ առաջ «Ազատությանը» ասել էր, որ հրաժարականի դիմում չի գրել և իրենից ոչ ոք հրաժարական չի պահանջել, այսօր չցանկացավ շփվել լրագրողների հետ․ առավոտյան կառավարության շենք մտնելիս ցույց տվեց ձեռքի թղթապանակը և ասաց՝ տանում է գործերը հանձնելու:

XS
SM
MD
LG