Մատչելիության հղումներ

«Գյուլբենկյան» հիմնադրամի կառավարիչներից մեկը, ըստ ամենայնի, կդառնա ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը


Անտոնիո Գուտիերեշ, արխիվ
Անտոնիո Գուտիերեշ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ պետությունների դիվանագետները երեկ ուշ երեկոյան վերջապես կարողացան ընդհանուր հայտարարի գալ կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ: Ըստ ամենայնի, 2017-ի հունվարից Բան Կի-մունին Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ, 2005-2015 թվականներին ՄԱԿ-ի Փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը զբաղեցրած Անտոնիո Գուտիերեշը:

Գուտիերեշը Լիսաբոնում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 1956-ին հայազգի մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի կտակի համաձայն ստեղծված՝ մշակութային, կրթական և մարդասիրական ծրագրեր իրականացնող հիմնադրամի կառավարիչների թվում Գուտիերեշը ընդգրկվել է 2013 թվականի փետրվարին՝ հնգամյա ժամկետով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ բուռն զարգացումները մեկնարկեցին մոտ մեկ ամիս առաջ` հանգեցնելով վարկանիշային գաղտնի քվեարկության վեց անարդյունք փուլերի: Հիմնական տարաձայնությունները Ռուսաստանի Դաշնության և արևմտյան պետությունների միջև էին: Ռուսաստանցի դիվանագետները շաբաթներ շարունակ պնդում էին, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղար պետք է ընտրվի Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչներից որևէ մեկը: Երեկ ուշ երեկոյան, սակայն, պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները` նախևառաջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, ի վերջո կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Անտոնիո Գուտիերեշի թեկնածության շուրջ:

Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ղեկավարի ընտրության հարցում առաջընթացի մասին հայտարարեց հենց Ռուսաստանի ներկայացուցիչը: «Այսօր, ընտրությունների վեց փուլերից հետո, մենք հստակ առաջատար ունենք, և նրա անունն է Անտոնիո Գուտիերեշ: Հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրությունը շատ կարևոր գործընթաց է, և մեր մոտեցումը դրան շատ պատասխանատու էր: Մենք երախտապարտ ենք ընտրական պրոցեսին մասնակցած մյուս բոլոր թեկնածուներին, որոնք իմաստնություն, ըմբռնում ցուցաբերեցին, խորապես մտահոգված են աշխարհում այսօր տիրող իրադրությամբ», - նշում էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Վարկանիշային քվեարկության վերջին փուլում պորտուգալացի թեկնածուն ստացել է Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ի աջակցությունը, մյուս երկու պետությունները ձեռնպահ են քվեարկել: Ինչն առավել կարևոր է՝ Գուտիերեշի թեկնածությանը դեմ չի արտահայտվել ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ պետություններից և ոչ մեկը: Երկրորդ տեղում է հայտնվել Եվրամիության նախագահող պետության` Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը․ նրա օգտին են քվեարկել Անվտանգության խորհրդի անդամ պետություններից յոթը, վեց պետություններ, այդ թվում՝ մշտական անդամներից երկուսը, դեմ են արտահայտվել Լայչակի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրությանը:

Գուտիերեշի թեկնածության հաստատումը նրա հայրենիքում բավական մեծ ոգևորություն է առաջացրել: Պորտուգալիայի վարչապետը հայտարարել է, որ «մեծ գոհունակությամբ է տեղեկացել Անվտանգության խորհրդում կայացած քվեարկության արդյունքների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG