Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Սեդրակ Նազարյանի կալանքը երկարաձգվեց


Սեդրակն Նազարյանը ՊՊԾ գնդի գրավված տարածքում, Երևան, 23-ը հուլիսի, 2016թ․
Սեդրակն Նազարյանը ՊՊԾ գնդի գրավված տարածքում, Երևան, 23-ը հուլիսի, 2016թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը ևս առնվազն երկու ամիս կմնա կալանքի տակ։ Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն «Ազատության» փոխանցեց, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության համապատասխան դիմումը:

Վարոսյանը հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, քանի որ այն ապօրինի են համարում:

Դատարանը, ինչպես և քննիչը, պնդում են, որ Սեդրակ Նազարյանը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը։

Նազարյանը «Սասնա ծռեր»-ի կողմից գրավված՝ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից հուլիսի 31-ի առավոտյան հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել։ Վարոսյանը փոխանցեց, որ երկու ամիս Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Նազարյանին այսօր տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)․ նման որոշման հիմք է հանդիսացել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը, որը, փաստաբանի պնդմամբ, անհիմն է։

«Ակնհայտ է, որ նման ծանր հրազենային վնասված ստացած, վիրահատված, մեկ թոքից զրկված, մինչ օրս բազմաթիվ գանգատներ ունեցող անձը պետք է պահվեր քաղաքացիական բժշկական հաստատությունում, բայց փոխարենը սովորական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացվել։ Ուստի այս պահին այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումը ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք», - հայտարարում են Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը։

Սեդրակ Նազարյանը մեկուկես տարի առաջ է Իսպանիայից Հայաստան վերադարձել: Նրա մայրը՝ Կարինե Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ պատմել էր, որ որդին Իսպանիայում «լավ գործ» ուներ՝ մերսող էր աշխատում, բայց որոշել է հայրենիք տեղափոխվել ու պայքարել իշխանությունների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG