Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի օրը ստորագրել է Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերով համագործակցությունը կասեցնելու մասին կարգադրություն: Ընդ որում, Ռուսաստանի կառավարությունն ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվան կվերադառնա այս հարցի քննարկմանը, եթե բարելավվեն հարաբերությունները Վաշինգտոնի հետ:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2013 թվականին Վիեննայում, և դրա շրջանակում Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվել էին համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում, միջուկային անվտանգության, միջուկային թափոնների հարցերի շուրջ:
Ավելի վաղ, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կասեցնում է համագործակցությունը Վաշինգտոնի հետ պլուտոնիումի թափոնների հարցում, քանի դեռ Միացյալ Նահանգները չի չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և փոխհատուցում չի վճարել Ռուսաստանին այդ պատժամիջոցների հետևանքով կրած վնասի դիմաց:
Բացի այդ, փաստաթղթում, որն արդեն ներկայացվել է Պետդումա, նշված է, որ Միացյալ Նահանգները պետք է կրճատի իր զորքերի քանակը այն երկրներում, որոնք ՆԱՏՕ-ին են անդամակցել 2000 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:
Այս ամենին նախորդել էր Կրեմլի հետ Սիրիայի հարցով համագործակցության կասեցման մասին Սպիտակ տան որոշումը՝ Լավրով-Քերրի մի շարք ինտենսիվ բանակցությունների տապալումից հետո: Իսկ երկու օր առաջ էլ Ռուսաստանը հակահրթիռային C-300 համակարգ է տեղադրել Սիրիայում:
Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան ճգնաժամը է՛լ ավելի է խորանում: Փորձագետներն ասում են, որ այս դեռևս քաղաքական հակամարտությունն ավելի լուրջ է, քան հակամարտությունը «սառը պատերազմի» վերջին շրջանում:
Նոր պատժամիջոցների մասին արդեն խոսում են նաև Եվրոպայում: Մասնավորապես, մամուլը երեկ գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին ի պատասխան նոր պատժամիջոցներ սահմանել, սակայն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույն օրը լրագրողներին ասել է, որ նոր պատժամիջոցների հարցը դեռ չի քննարկվում: