Մատչելիության հղումներ

Թուրքական իշխանությունները փակում են իրենց համար անցանկալի լրատվամիջոցները


IMC հեռուստաընկերությունը Ստամբուլում, 4-ւ հոկտեմբերի, 2016թ.
IMC հեռուստաընկերությունը Ստամբուլում, 4-ւ հոկտեմբերի, 2016թ.

Թուրքական իշխանությունները երկրում ևս երեք ամսով երկարաձգված արտակարգ դրության շրջանակներում մեկը մյուսի հետևից փակում են իրենց համար անցանկալի լրատվամիջոցները:

Այսօր դադարեցվել է ընդդիմադիր IMC հեռուստաալիքի հեռարձակումը: Diken լրատվական գործակալության հաղորդմամբ, թուրքական ոստիկանությունը մտել է հեռուստաընկերության շենք ու փորձել դադարեցնել ուղիղ եթերը:

Ստուդիայում հավաքված լրագրողները դիմադրություն են ցույց տվել և շարունակել են եթերը` «ազատ մամուլը չի կարող լռեցվել» վանկարկումներով:

Այնուհետև ոստիկանները մտել են հեռարձակման խցիկ դադարեցրել եթերը, փակել են հեռուստաընկերության շենքի մուտքն ու ելքը, դադարեցրել ալիքի ինտերնետային հեռարձակումը:

IMC հեռուստաընկերությունը թուրքական իշխանությունների կողմից բազմիցս մեղադրվել է քրդամետ քարոզչության և հակապետական գործունեության մեջ:

Նույնպիսի պատճառաբանությամբ վերջին շաբաթվա ընթացքում թուրքական իշխանությունների որոշմամբ, փակվել է շուրջ 20 հեռուստառադիո ալիքներ, որոնց շարքում կան նաև քրդերենով հեռարձակվող ալիքներ:

Ուշագրավ է, որ IMC հեռուստաալիքի եթերով հեռարձակվում էր հայազգի լրագրող Արիս Նալջըի համահայկական խնդիրներին առնչվող «Կամուրջ» հաղորդաշարը և հայտնի լրագրող, հրապարակախոս Հայկո Բաղդադի հեղինակային «Բաղդադ Կաֆե» հաղորդումը:

«Սա մի ալիք էր, որը հարգում էր էթնիկ և լեզվական բոլոր խմբերին, որտեղ դու կարող էիր ազատորեն խոսել քո մայրենի լեզվով: Ես հպարտ եմ, որ դրա մի մասն եմ: Պայքարը շարունակվելու է: Շնորհակալ եմ մեզ դիտելու համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արիս Նալջըն:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ղեկավար խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչըն, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը մեծ հարված է Թուրքիայի ազատ մամուլին, և նման քայլերով իշխանությունները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը:

«Թուրքիայում շատ վատ մթնոլորտ է տիրում: Սա հետագայում սպասվող վտանգավոր զարգացումների սկիզբն է: Երբ մամուլին զրկում են լուրեր հաղորդելու ազատությունից, ապա պարզ է դառնում, որ մեր ձայնը բարձրացնելու մեդիա այլևս չի մնացել: Բռնարար ռեժիմը փակել է այն ալիքները, որոնք հանդիսանում էին հասարակության ճնշված հատվածների` գլխավորապես ազգային փոքրամասնությունների ձայնը: Դժվար է լինելու, ավելի խիստ զարգացումներ են սպասվում», - ասաց Մուրադ Մըհչըն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG