Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 32 դիմում է ներկայացվել


Մինչև շաբաթվա վերջ կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովները կքննեն հոկտեմբերի 2-ի ընտրություններին առնչվող 152 դիմումներ, ևս 32 դիմում վերահաշվարկի պահանջով է, որոնց մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի 2-րդ քաղաքին։ Գյումրիում, ինչպես հայտնեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը, նորից կբացվեն 9 տեղամասերի պարկեր։

Աշխատանքային օրվա ավարտին տեղեկացանք, որ Գյումրիում այսօր վերահաշվարկ արվեց 3-րդ և 18-րդ տեղամասերում, արդյունքները որևէ փոփոխության չենթարկվեցին. երկուսում էլ հաղթողը «Բարգավաճ Հայաստանն» է։

Ընտրություններին չմասնակցած քաղաքացիների վրա ազդելու խնդիր կա․ Սաֆարյան

Ի տարբերություն Գյումրիի և Վանաձորի, որտեղ իշխող կուսակցությունը չի ստացել քվեների բացարձակ մեծամասնությունը, հոկտեմբերի 2-ի ընտրությունների նախնական արդյունքներով, Հանրապետականը հաղթել է մյուս 335 համայնքներից 176-ում՝ գյուղերի ու քաղաքների ավելի քան 50 տոկոսում։ Այնուամենայնիվ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ կիրակի օրվա ընտրությունները իշխող կուսակցության համար հաղթական չէին, ինչպես վստահեցնում էր Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հատկանշական է, որ Հանրապետականը անգամ այս դեպքում չունի բացարձակ մեծամասնություն: Այսինքն էս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցությունը անգամ փոքրամասնության աջակցությունն է վայելում, բայց էդ փոքրամասնությունն է կառավարում երկիրը, որովհետև այդ փոքրամասնությունը ամենալավն է կազմակերպված և կազմակերպված է ավանդական տեխնոլոգիաների հաշվին, որոնք մենք տեսել ենք բոլոր նախկին ընտրություններում», - ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Հոկտեմբերի 2-ի ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը, սակայն խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում քվեարկության մասնակցության ցուցանիշները ավելի ցածր էին, համապատասխանաբար՝ 36.5 և 38.2 տոկոս։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ընտրության չեն գնացել հիմնականում իշխանություններից հիասթափված անձինք, սակայն իշխող կուսակցությունը չի ստացել անգամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Մյուս կողմից էլ, պառակտված էր նաև ընդդիմադիր դաշտը, նկատում է քաղաքագետը։

«Այ էդ 70 տոկոսը, որ չեկավ ընտրության, այ էդ 70 տոկոսի վրա ազդելու խնդիր կա, որոնց մի մասը հաստատապես կգար, եթե տեսներ ընդդիմության մեջ ուժ, վճռականություն: Ցավոք դա տեղի չունեցավ», - ասաց Սաֆարյանը:

Գյումրիում փակուղային իրավիճակ է․ իրավաբան

Քանի որ Գյումրիում ու Վանաձորում որևէ կուսակցություն չստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը, ընտրությունից 2 օր անց դեռ հայտնի չէ, թե ով կդառնա Վանաձորի քաղաքապետ և ինչպես կբաշխվեն ավագանու մանդատները Գյումրիում։

Ընտրություններին հետևող «Թրանսփարնեսի ինթերնեյշնըլ» կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ Գյումրիի պարագայում նոր ընտրական օրենսգիրքը պարզապես փակուղային իրավիճակ է ստեղծել։

«Այս պահի դրությամբ, «Բալասանյան» դաշինքը ունի 15 մանդատ: 15 մանդատը 33 ավագանու դեպքում դառնում էմոտ 45.45 տոկոս: 15 մանդատը չի համարվում բացարձակ մեծամասնություն: Դա նշանակում է, որ նա գոնե մեկ կամ երկու մանդատ պիտի ձեռք բերի, բայց որտեղի՞ց պիտի ձեռք բերի, կամ այդ ո՞ր ձայներն են, որ պիտի նվազեցվեն, որպեսզի «Բալասանյան» դաշինքը ևս երկու մանդատ ստանա, այստեղ կա կարգավորման խնդիր», - ասաց Տիգրանյանը:

ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, թե ԳԱԼԱ-ն, հայտնի չէ, թե որ կուսակցությունը պիտի մանդատ զիջի ՀՀԿ-ին: Մյուս կողմից էլ օրենքի կարգավորմամբ, այդ 3 կուսակցությունները ստացել են համապատասխան ձայներ՝ 9, 5 և 4 ավագանու աթոռ ունենալու համար։ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, հարցը կարող է հասնել մինչև Սահմանադրական դատարան․ - «Իրավունք չունեն որևէ մեկից մանդատ վերցնելու»:

Վանաձորում իշխող կուսակցությունը չի հաղթահարել 40 տոկոսի շեմը, այստեղ քաղաքապետ կընտրի ավագանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG