Մատչելիության հղումներ

ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը


Չնայած ընդդիմության կոշտ քննադատություններին, Ազգային ժողովն այսօր 78 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը:

Աղմկահարույց փաստաթղթին կողմ էին իշխող Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ):

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության քարտուղար Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ օրենսգիրքը հարվածելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։

«Ընդամենը երկու տարի հետո միջին եկամուտներ ստացող բոլոր աշխատողների հարկային բեռն ավելացնում ենք, և, կարծում եմ, այլ խնդիրներ կան, որոնց ձեռքը, ես ասել եմ, կրակն ենք ընկնելու, հետո վերանայենք», - հայտարարեց Մելքումյանը։

Հարկային նոր օրենսգրքով կավելանա 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկը, շրջանառության հարկի շեմը կրկին կիջեցվի 58 միլիոն, տնտեսվարողների շահութաբաժնի նկատմամբ կկիրառվի լրացուցիչ նոր հարկատեսակ:

Փաստաթղթին դեմ արտահայտված Խաչատուր Քոքոբելյանը իշխանական պատգամավորներին հիշեցրեց՝ օրենսգիրքը էապես ավելացնում է հարկատուների բեռը: «Եվ դա ամենաշատ և ամենամեծ խոչընդոտն է մեր գործարարների համար։ Խնդրում եմ, սրան շատ լրջագույն վարվենք, այսինքն, ոչ թե ընդունենք ու հետո փոփոխությունների մասին մտածենք, աբսուրդ է», - ասաց Քոքոբելյանը։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վրդովվեց՝ իր 147 առաջարկից միայն 10 տոկոսն է ընդունվել։ «Այն տեղեկատվությունը, որ Հայաստանը իր վարկային պարտավորությունները չի կարողանալու կատարել մոտավորապես մեկուկես տարի հետո, այս Հարկային օրենսգիրքն այդ խնդիրն էլ չի լուծելու և բազմաթիվ խնդիրներ են առաջանալու, որի հետ կապված, բնականաբար, այլ ակցիաներ կլինեն», - ասաց Մարուքյանը։

Ընդդիմադիր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, թե նոր օրենսգիրքը հակասահմանադրական դրույթներ է պարունակում: «Մեկն այն, որ կանխավճար է պահանջում մարդուց, երբ որ ինքը փող չի աշխատել, և երկրորդը՝ ստացվում է Կաթոլիկ հայերի եկեղեցին հարկվում է, Հայ առաքելականը չի հարկվում, դա Սահմանադրության կոպիտ խախտում է։ Սա այն Սահմանադրությունն է, որ իբր թե ընդունվեց, և Հանրապետական մեծամասնությունը պայքարում էր, և հիմա այ սենց թեթևակի ձևով դնում ու խախտում է ամեն ինչ», - ասաց Բագրատյանը։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդեց՝ աղմկահարույց օրենսգիրքը մշակվել է միայն իշխանության մասնակցությամբ։ «Բերվել է հապշտապ կարգով, նոր կառավարության նշանակումը, որը դեռ չի ներկայացրել իր ծրագիրը, նույնպես որևէ կերպ չի անդրադարձել այդ օրենքի քննարկման վրա, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք նույն կոռումպացված համակարգի հետ», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Զուրաբյանի հայտարարությանը հեգնեց օրենսգրքի հարակից զեկուցող հանրապետական Վարդան Այվազյանը. - «Պարոն Սահակյան, ես արդեն ձեր նկատմամբ բողոք ունեմ, մեկ էլ՝ աշխատակազմի, ինչո՞ւ, օրինակ, ինձ հրավիրատոմսեր չեք տվել, որպեսզի ես հրավիրեի... 25 քննարկում է եղել, ես գտնում եմ, որ Հարկային օրենսգիրքը պատրաստ է, որ ընդունենք վերջնական»։

Հարկային նոր օրենսգիրքը կսկսի գործել 2018 թվականի հունվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG