Մատչելիության հղումներ

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը քննող հանձնաժողով ստեղծելու նախագիծը տապալվեց


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ազգային ժողովի այսօրվա նստաշրջանի մեկնարկին կին ընդդիմադիրները մոտ 30 րոպե հանրապետականներին հորդորում էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բացահայտելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:

Նախագիծը ներկայացնող «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդեց՝ սպանությունների բացահայտման համար իրավապահ համակարգը արդյունավետ չի գործել, հանձնաժողովը կարող է թափանցիկ քննություն ապահովել:

«Եվ կրկին մենք լսում ենք, լուր ենք ստանում մահվան վերաբերյալ, սպանությունների վերաբերյալ, մեր ազգային զինված ուժերում։ Ո՞րն է պատճառը, պատճառն այն է, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն գործում, դատական համակարգը պատշաճ չի գործում», - հայտարարեց Փոստանջյանը։

Հանձնաժողովի ստեղծմանը կողմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բազմաթիվ սպանություններ կոծկվում են, կամ ինքնասպանության վարկածի տակ գործը՝ կարճվում:

«Չեմ կարծում, որ սա քաղաքական հարց է և այստեղ մեծամասնության ինքնասիրությունը կարող է վնասվել, եթե կողմ քվեարկվի պարզ մի նախագծի, որպեսզի սպանված զինվորի մոր ձեռքի ոչ թե բռնեն, շպրտեն հերթական ցույցը անելուց՝ պահանջելով արդար քննություն, այլ այստեղ բոլոր քաղաքական ուժերը միասին քննարկեն տեղի ունեցած դեպքերը», - հայտարարեց Զոհրաբյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հանրապետականներին հիշեցրեց՝ խաղաղ պայմաններում սպանությունները բանակում բազմաթիվ են, իսկ հանձնաժողովը կարող է կանխարգելել նմանատիպ դեպքերը:

«Շատ մեծ տարբերություն կա այն ծնողների միջև, որոնց երեխաները հանուն հայրենիքի զոհվել են, և այն ծնողների, որոնց երեխաները սպանվել են և չի բացահայտվում դեպքերը։ Ի՞նչն է խնդիրը, երբ մենք կազմենք հանձնաժողով և ուսումնասիրենք», - հայտարարեց Բիշարյանը։

Զինծառայողների սպանության բացահայտման համար հանձնաժողով ստեղծելու նախագիծը ուրբաթ օրը դրական եզրակացություն չէր ստացել Պետաիրավական հանձնաժողովում, պատճառներից մեկը նախագծում տեղ գտած մի շարք ձևակերպումներն էին:

Ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյան այսօր հանրապետականներին կոչ արեց՝ կողմ քվեարկել՝ խմբագրական ուղղումները թողնելով հանձնաժողովի ստեղծումից հետ:

«Մեզանից յուրաքանչյուրը ունի պարտք այսօր բանակում ծառայողների հանդեպ և այն ծնողների հանդեպ, ում որդիները գտնվում են բանակում, առավել ևս, եթե նրանց որդիները զոհվել են խաղաղ պայմաններում», - ասաց Վարդանյանը։

Իշխող Հանրապետականները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը։ Զարուհի Փոստանջյանի նախագիծը չստանալով որևէ դեմ ձայն, այդուամենայնիվ չընդունվեց:

«Հանրապետական խմբակցությունը նպատակահարմար է գտնում քվեարկությանը չմասնակցել ուղղակի՝ աջակցելով հենց խնդրի լուծմանը», - ասաց խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Խաղաղ պայմաններում բանակում զոհված մի քանի զինվորների ծնողներ այսօր խորհրդարանի ընդունարանում էին։ Սևազգեստ մայրերը նշում էին՝ չգիտեն այլևս ում դուռը թակեն:

«Քննությունը պետք է լինի թափանցիկ, որ այսօր մեր ծնողների բերանը կարողանան, էդ իրենց սարքած քրեական գործերով փակել՝ ասեն՝ «քո երեխան ինքնասպան է եղել, քո էրեխուն կրակել են, քոնը՝ հոսանքով է գնացել, քոնն էլ ինքնասպան է եղել», - ասաց մայրերից մեկը։

Աժ նախագահ Գալուստ Սահակյան այսօր հրաժարվեց շրջանառության մեջ դնել Զարուհի Փոստանջյանի մեկ այլ նախագիծ, այս անգամ «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ:

«Ամբողջովին տեքստը զրպարտություն է մարդկանց։ Ասում է՝ «այս զրպարտությունը դրեք քննարկման», - հայտարարեց ԱԺ նախագահը։

Խորհրդարանի ղեկավարի այս գործելաոճը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հակաօրինական որակեց, ինչին Գալուստ Սահակյանը հումորով արձագանքեց. - «Բոլորդ Սահմանադրությունը շատ լավ զգում եք, բոլոր օրենքները զգում եք, բացի ինձանից, ես լրիվ հակառակը կասեմ՝ միայն ես եմ զգում, դուք պետք է կարողանաք կարգին ձևով ենթարկվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG