Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն միավորում է առաջարկում ԲՀԿ-ին և ՀՎԿ-ին՝ Վանաձորում ընտրելու ընդդիմադիր քաղաքապետ


Նախնական արդյունքներով, Վանաձորում Հանրապետականը առջևում է, բայց չի ստացել ձայների 40 տոկոսը, ինչը նշանակում է, որ Վանաձորում քաղաքապետ կընտրվի առաջիկա ավագանու նիստի ժամանակ՝ փակ քվեարկությամբ:

Նախնական արդյունքներով, Վանաձորի ավագանու անդամի մանդատները հետևյալ կերպ են բաշխվել՝ «Հանրապետական կուսակցություն» (ՀՀԿ)՝ 13 մանդատ, «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ)՝ 10 մանդատ, «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ)՝ 5 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ)՝ 3 մանդատ, ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 2 մանդատ: Մյուս երեք կուսակցությունները՝ «Համախմբում»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը (ՔՊ)-ն ու Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)-ը չեն հաղթահարել 6 տոկոսի շեմը:

Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, նրանք, փաստորեն, ավելի շատ մանդատներ կունենան, քան իշխող կուսակցությունը՝ իր գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն, այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ, պաշտոնապես առաջարկեց մյուս երկու ընդդիմադիր ուժերին՝ ՀՎԿ-ին և ԲՀԿ-ին, միավորվել մեկ դաշինքի շուրջ՝ այդպիսով հանրապետության երրորդ քաղաքում պարտության մատնել Հանրապետական կուսակցությանը:

«Այս պահին պաշտոնապես առաջակում եմ «Հայկական վերածնունդ»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում։ Հետևաբար մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ, ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը։ Մենք այս հայտարարությունից հետո կսպասենք պատասխանի մեր գործընկեր քաղաքական ուժերից», - հայտարարեց Մարուքյանը։

Նա գրեթե վստահ է, որ ընդդիմադիր ուժերը դրական կարձագանքեն, քանի որ երկու ուժերն էլ բացառել են Հանրապետականի հետ միավորումը:

«Մենք ռեալ շանս ենք տեսնում, և ոչ թե հույս ունենք, այլ կարող եմ ասել, մոտավորապես 90 տոկոսով վստահ եմ, որ մեր գործընկերները, ի պատասխան մեր առաջարկի, կմիանան, և մենք միասնական տեղական իշխանություն կձևավորենք, ինչը կարող է նաև հիմք հանդիսանալ ապագա համագործակցության», - հայտարարեց Մարուքյանը։

Իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ Հանրապետականը նույնպես փորձում է դաշինք ձևավորել:

Ձայների մեծամասնություն ունենալու համար, բացի ՀՅԴ-ից ստիպված են մեկ այլ ուժի հետ ևս համագործակցել:

«Վանաձորում մենք ունենք հինգ քաղաքական ուժ ներկայացված, գործող տվյալներով։ ՀՀԿ՝ 13 մանդատ, ԼՀԿ՝ 10 մանդատ, ՀՎԿ՝ 5 մանդատ, ԲՀԿ՝ 3 մանդատ և ՀՅԴ՝ 2 մանդատ, ակնհայտ է, որ առաջին քայլով մենք գնալու ենք մեր կենտրոնական կոալիցիոն գործընկերների հետ համագործակցության, այն է՝ ՀՅԴ-ի հետ, այս պարագայում։ Ակնհայտ է, որ այս դեպքում մենք ունենում ենք 15 մանդատ և ևս երկու մանդատի կարիք ունենք։ Նմանատիպ պրոցես կարծում եմ, գնալու է նաև ընդդիմադիր դաշտում, կամ ես գիտեմ, որ փորձում են անել։ Հետաքրքիր պրոցես է, ես ուզում եմ այս պրոցեսը տեսնել, ուզում եմ ոչ ոք չխանգարի այս պրոցեսին», - ասաց Աշոտյանը։

Դեռ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կտրուկ բացառել էր ՀՀԿ-ի հետ դաշինքի մեջ մտնելը: Իսկ ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանն էլ այսօր «Ազատության» եթերում հստակ չասաց՝ ընդդիմադիր, թե՞ իշխանական ուժի հետ դաշինքի մեջ կմտնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG