Հալեպից ստացվող տեղեկությունների համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ կառավարական զորքերը Ռուսաստանի զինուժի աջակցությամբ շարունակում են գրոհը ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Հալեպը գրավելու համար:
Լոնդոնում գործող սիրիացի իրավապաշտպանների հաղորդմամբ, անցած գիշեր մի քանի հուժկու օդային հարվածներ են հասցվել, արդյունքում կառավարական զորքերին հաջողվել է քաղաքի հյուսիսում որոշ թաղամասեր գրավել:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սթիվեն Օ՛Բրայենը հայտարարել է՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում քաղաքացիական բնակչությունը դժոխային պայմաններում է: Բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել կողմերին ապահովել գոնե շտապ բժշկական օգնության կարիք ունեցողների տարհանումը:
Ավելի վաղ՝ տեղում օր-օրի սրվող իրադրությունը քննարկել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոհ Քերրին, սակայն առայժմ ճգնաժամի դիվանագիտական կարգավորումը փակուղուց դուրս բերելու նշաններ չեն երևում: