Մատչելիության հղումներ

Գեղամավանի գյուղապետին ճայթիչների ձայները կրակոցներ են թվացել


Գեղարքունիքի մարզի Գեղամավանի գործող գյուղապետ և գյուղապետի թեկնածու Մնացական Վարդանյանն այսօր ահազանգել է Ոստիկանություն՝ հայտնելով, թե իր տան ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատությանը» հայտնեցին, որ քննություն է կատարվել, ինչ արդյունքում պարզվել է, որ դրանք ոչ թե կրակոցներ էին, այլ ճայթիչների ձայներ․ այդպիսի ճայթիչներ վաճառվում են խանութներում։

Գյուղապետ Մնացական Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրեն էր թվացել, թե կրակոցներ են հնչել գյուղում։ «Մեր տունը հենց գյուղամիջում է, ճանապարհով մեքենա է անցել, մտածել եմ, որ կրակոցներ են, բայց պարզվեց, որ երեխաներն էին խաղում», - նշեց նա։

Վաղը՝ հոկտեմբերի 2-ին Գեղամավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Առաջադրված թեկնածուներն են Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Մնացական Վարդանյանը և ՀՅ Դաշնակցության անդամ Վաչիկ Սաղաթելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG