Մատչելիության հղումներ

Անի Հայկունի․ «Ես հասկացա իմ առաքելությունը՝ դա մարդկանց օգնելն է»


Քաղցկեղի դեմ բուժումն սկսելուց մեկ տարի հետո 31-ամյա Անի Հայկունին մի քանի օր առաջ իր անունով հիմնադրամ բացեց՝ օգնելու այս հիվանդության դեմ պայքարողներին:

«Բավական դժվար ճանապարհ եմ անցել, արդեն անցյալ տարվանից, մի տարի է՝ ինչ բուժվում եմ, և այդ ճանապարհին տեսա, հասկացա այն բոլոր մանրուքները, բոլոր դժվարությունները, որ ընդհանրապես քաղցկեղ ունեցող մարդիկ ու իրենց ընտանիքները բախվում են: Ամեն անգամ, երբ այդ դժվարությունները ինձ էլ էին բաժին հասնում, ես դրան այլ կերպ էի վերաբերվում, մտածում էի, որ ոչ թե սրանից պետք է հիասթափվել կամ ընկճվել, այլ՝ ընդունել որպես փորձ, ընդունել որպես մի նոր գիտելիք, որը ինձ կօգնի հետագայում փորձել այդ խնդիրներին լուծում տալ: Ու ես ասացի, որ հենց ապաքինվեմ, հենց ի վիճակի լինեմ արդեն ակտիվ գործունեություն ծավալելու, անպայման պետք է հիմնեմ այդ հիմնադրամը: Փաստորեն եկավ ժամանակը», - նշում է նա:

Ասում է՝ հնարավորության սահմաններում կօգնի բոլորին, սակայն ուշադրության կենտրոնում կլինեն առավելապես սոցիալապես անապահովները, ծայրահեղ ծանր վիճակում հայտնվածները, վերջին հույսից կախվածները:

«Շատ-շատ մարդիկ ինձ գրեցին: Մենք ոչ մեկին չենք մոռանա, բնականաբար, հնարավորության դեպքում մենք շատ-շատ կուզենք, որ բոլորին օգնենք: Դա ժամանակ է պահանջում, ժամանակ, համբերություն: Ես շատ հուսով եմ, որ կլինի այնպիսի մի օր, որ բոլոր այն մարդիկ, ովքեր բախվել են այս խնդրին, ովքեր ունեն քաղցկեղ, հնարավորություն ունենան ստանալ այդ բուժումը»:

«Կյանքս՝ ձեզ օրինակ», - ասում է 31-ամյա աղջիկը՝ հիշելով, թե ինչպես ժամանակին բարի, պատրաստակամ մարդիկ իրեն օգնության ձեռք մեկնեցին․ - «Ինձ մոտ դիագնոզը դրվել է շատ արագ, ի նկատի ունեմ՝ այնպես չի եղել, որ ես իմացել եմ, որ իմ մոտ խնդիր կա, պահել եմ, հետո գնացել եմ բժշկի, և այլն, ինչ-որ երկար ժամանակ է տևել: Իմ մոտ կային ցավեր ձեռքի շրջանում մի շաբաթ, շատ կարճ ժամանակահատված, անցյալ տարվա հունիսն էր, պարզապես գնացի բժշկի, որտեղ հետազոտեցին՝ սոնոգրաֆիա և այլն, բոլոր անհրաժեշտ թեստերը հանձնելուց հետո, հետազոտությունները, պարզվեց, որ իմ մոտ քաղցկեղ է, այն էլ՝ բավական ագրեսիվ, կրծքագեղձի քաղցկեղ: Հետաքրքիր է՝ այնպես սառը վերաբերվեցի ես դրան: Որովհետև հենց այդ րոպեին ես որոշեցի ինքս ինձ համար, որ ոչ մի պարագայում պետք չէ մտածել վատի մասին, որ դա էլ կանցնենք, որ այս մի փորձությունն էլ, այս մի դժվարությունն էլ պետք է անցնենք: Բայց այդ մեկ տարվա ընթացքում ես ձեռք բերեցի այնքան շատ բան, այնքան շատ բան ես հասկացա: Ինձ շրջապատեցին հարյուրավոր, հազարավոր մարդիկ՝ իմ ընկերները, ընտանիքը, անծանոթ մարդիկ, ովքեր շատ շուտ դարձան իմ ընկերները: Ու կարծում եմ՝ դա է երջանկությունը»:

Ասում է՝ հերթը իրենն է՝ մնացածին ապացուցելու, որ սա վերջը չէ, այլ՝ մի շատ կարևոր բանի շարունակությունը․ - «Ես շատ շնորհակալ եմ, որովհետև համոզված եմ, հիմա հատկապես, ես հասկացա իմ առաքելությունը՝ դա մարդկանց օգնելն է: Իսկապես, այն զգացումը, երբ տեսնում ես մարդկանց դեմքի ժպիտը, երբ զգում ես, որ մարդկանց կարող ես օգնել ու առավել ևս՝ փրկել իրենց կյանքը, դա մի մեծ երջանկություն է, ու դրա համար արժե իրոք ապրել»:

Երազանքները իրականանալու հատկություն ունեն, ժպտալով ասում է Անին, ով արդեն մի քանի օր է՝ անգլիական հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի է: Շատ է ցանկացել, երկար է սպասել, հիմա նոր փորձություն հաղթահարելու ժամանակն է․ - «Երբ Օքսֆորդից իմացան, որ իմ մոտ նման խնդիր է, իրենք անմիջապես ինձ ասացին, որ «մենք քո տեղը պահում ենք, առողջացի՛ր ու արի՛», իհարկե, այդ փաստը ինձ շատ ոգեշնչեց ու այն դժվար քիմիաների ժամանակ, երբ ես կարող է օրերով պառկած լինեի քիմիաների, դեղերի ազդեցության տակ, ես ինձ միշտ ասում է, որ «Անի՛, դու առողջանալու ես, դու մեկնելու ես Օքսֆորդ, ունես շատ նպատակներ, որոնք պետք է անպայման իրագործես»: Ու կարծում եմ, որ այդ նպատակները, որոնք ես ունեի, դրանք ինձ ավելի օգնեցին այս ճանապարհին: Իսկ հիմա արդեն, մեկ տարի հետո, ես պատրաստ եմ մեկնելու ու պարզապես առաջ գնալու, իրագործելու այն, ինչ ես պետք է անեմ, այն, ինչ ես իրոք ուզում եմ անեմ»:

«Ես հիմա ինձ լավ եմ զգում: Իհարկե, բուժման մեջ եմ, ես հաղթում եմ քաղցկեղը, կարելի է ասել, ինչի չեմ ասում՝ ես հաղթահարել եմ քաղցկեղը, որովհետև ելնելով այն տեսակից, որը որ ինձ մոտ է, կարող է հետ գալ, եթե բուժումը ես կիսատ թողնեմ», - ասում է Անին:

«Սպասեք ինձ, գալու եմ՝ «Անի Հայկունի» հիմնադրամը դեռ շատ կյանքեր կփրկի», - ընկերներին ցտեսություն ասելիս ասում է Անին՝ խոստովանելով, որ այս մեկ տարվա ընթացքում առաջին անգամ թրջվեցին աչքերը․ - «Ինձ երևի թե կտեսնեք մյուս տարի, մյուս աշնանը: Կարծում եմ՝ լավ կլինի, կարծում եմ՝ շատ լավ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG