Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որին անսովոր փոքր թվով հավատացյալներ են ներկա գտնվել՝ ընդամենը մի քանի հազար կաթոլիկներ, հաղորդում է Reuters-ը, հավելելով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը որոշել է ծիսակարգին ներկա չգտնվել, չնայած Վատիկանի ակնկալիքներին:
Պատարագից երկու օր առաջ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը ուղերձ էր հղել իր հոգևոր հոտին, ընդգծելով՝ դեռևս միջնադարից ուղղափառները կաթոլիկների ծիսակարգերին չեն մասնակցում, քանի դեռ դավանաբանական տարբերությունները չեն հաղթահարվել:
Հաղորդվում է, որ թբիլիսյան պատարագին ներկա են եղել ոչ միայն տեղի հայ կաթոլիկները, այլև հյուրեր Հայաստանից:
Այսօր ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Վրաստանից կմեկնի Ադրբեջան, որտեղ նախատեսված են հանդիպումներ աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների, ինչպես նաև քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների հետ: