Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը ժամանեց Վրաստան


Վրաստան - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանում է Թբիլիսի, 30-ը սեպտեմբերի, 2016թ․
Վրաստան - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանում է Թբիլիսի, 30-ը սեպտեմբերի, 2016թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այսօր ժամանեց Վրաստան, որտեղ երկու օր կանցկացնի՝ հանդիպելով երկրի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների, ինչպես նաև քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:

Ֆրանցիսկոս Պապին տեսնելու համար, մասնավորապես, քաղդեացվոց թեմերի առաջնորդները աշխարհի տարբեր ծայրերից ժամանել են Թբիլիսի՝ իրենց Պատրիարքի՝ Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Լուիս Ռաֆայել Սաքոյի գլխավորությամբ:Հենց նրանց հետ այսօր երեկոյան Պապը կաղոթի Սիրիայում և Իրաքում հալածանքների ենթարկվող քրիստոնյաների համար:

«Խնդիրը միայն ռումբերն ու փամփուշտները չեն, այլ՝ քրիստոնյաների ապագան այդ տարածաշրջանում», - Վատիկանի ռադիոյին ասել է կարդինալ Ֆերնանդո Ֆիլոնին, ով տարիներ առաջ եղել է Հռոմի Պապի բանագնացը Իրաքում, - «Մերձավոր Արևելքը մի տարածաշրջան է, որտեղ տարբեր ազգություններ ու մշակույթներ, մեծամասնություններ ու փոքրամասնություններ դարերով ապրել են միասին: Ինչո՞ւ մենք պետք է այսօր կորցնենք միասին ապրելու այդ հնարավորությունը»:

Քահանայապետի օրակարգի հաջորդ, առավել խրթին հարցը կաթոլիկների հարաբերություններն են Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: 1999 թվականին, երբ Հովհաննես Պողոս երկրորդն էր այցելել Վրաստան, երկու եկեղեցիների հարաբերություններն այնքան լարված էին, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը կոչ էր արել իր հոգևոր հոտին՝ չմասնակցել Պապի պատարագին:

Այս շաբաթ օրը անցկացվելիք կրոնական ծեսին, ակնկալվում է, որ Վրաց եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը ներկա կլինի, ավելին՝ Պատրիարք Իլյա երկրորդը հայտարարել է, թե պատրաստվում է մեծ ուրախությամբ դիմավորել Ֆրանցիսկոս Պապին:

Այդուամենայնիվ, ոչ բոլորն են Վրաստանում կիսում այս ոգևորությունը: Անցած շաբաթ, օրինակ, «Ուղղափառ ծնողների միություն» պահպանողական կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ բողոքի ցույց էին կազմակերպել Թբիլիսիում Վատիկանի դեսպանատան մոտ՝ պնդելով, թե վրացի ուղղափառները կաթոլիկ Պապի օրհնության կարիքը չունեն:

Տեղի հայ համայնքը կարող է կամուրջ դառնալ երկու եկեղեցիների միջև, Վատիկանի ռադիոյին ասել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանը՝ հավելելով․ - «Չնայած որոշակի դժվարություններ կան ուղղափառների և կաթոլիկների միջև, հարաբերությունների հիմքում շարունակում է մնալ բարեկամությունը: Եվ եթե անգամ մենք միասին չենք աշխատում, վերջնական նպատակը պետք է նույնը լինի բոլորիս համար»:

Վերհիշելով Պապի Հայաստան այցը, արքեպիսկոպոս Մինասյանը ասել է․ - «Ես հետևում էի նրան քայլ առ քայլ, հասկանալով, թե ինչ ծանր բեռ է նա տանում իր ուսերին»:

«Նա պարտավոր է աշխատել հասարակությունների հետ, որտեղ ազատություն են քարոզում, բայց իրենք էլ հենց տիրապետող են, խոսում են իրավունքների մասին և հենց իրենք են, որ սահմանափակում են դրանք, և եթե ես ասում եմ խաղաղություն, նրանք պատերազմողներն են: Ես խոսում եմ նախագահների, թագավորների, կառավարությունների մասին, որոնց հետ պետք է Հռոմի Պապը հանդիպի ու ասի ճշմարտությունը, պաշտպանի մարդու իրավունքներն ու ազատությունը և խաղաղություն փոխանցի յուրաքանչյուրին: Մենք մոռացել ենք այս երեք բառերի իմաստը և հիմա պետք է վերաիմաստավորենք», - ասել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդը:

Վրաստանի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպումներից հետո՝ վաղը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատարագ կմատուցի Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որը նախատեսված է ավելի քան 27 հազար մարդու համար, ապա կմեկնի Վրաստանի հնամենի հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճար, որտեղ, ըստ ավանդության, թաղված են մասունքներ Քրիստոսի հագուստից: Շաբաթ երեկոյան արդեն Պապը կմեկնի Ադրբեջան, որտեղ ակնկալվում է, որ կանդրադառնա նաև ղարաբաղյան խնդրին և ինչպես Երևանում՝ Բաքվում էլ հաշտության կոչ կանի հակամարտող կողմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG