Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաքներ անցկացրին Վանաձորում


«Լուսավոր Հայաստան»-ը միակ ուժն է Վանաձորում, որը կհաղթի իշխանություններին, այսպիսի համոզմունք հայտնեց կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ երեկոյան Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում հրավիրած հանրահավաքի ժամանակ:

«Այսօր եղած մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց հիմա «Լուսավոր Հայաստանը» միակ քաղաքական ուժն է Վանաձորում, որ կարող է հաղթել գործող Հանրապետական կուսակցությանը, և ուրեմն պետք է ձայները կոնսոլիդացնել մի խողովակի վրա, պետք է ձայները կոնսոլիդացնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա», - հայտարարեց Մարուքյանը:

Նույն ժամին քաղաքի կենտրոնում հանրահավաք էր անցկացնում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին թվարկեց պատճառները, թե ինչու պիտի վանաձորցիները ընտրեն հենց իրենց: Քննադատելով իշխանությանը և նրա վարած քաղաքականությունը՝ Փաշինյանը արձանագրեց հետևյալը. - «Որևէ մեկը Մամիկոն Ասլանյանին չի կարող ձայն տալ, նա ձայն պետք է տա Հանրապետական կուսակցությանը: Հանրապետական կուսակցությանը ձայն տալ՝ նշանակում է ձայն տալ Սերժ Սարգսյանին և նրա եղբայր Սաշիկ Սարգսյանին»:

Փաշինյանը անդրադարձավ նաև ընդդիմությանը, ընդ որում, իր ելույթի մեծ մասը նվիրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Մասնավորապես շեշտելով․ եթե Մարուքյանը ընդդիմություն լիներ, ապա կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին կողմ չէր քվեարկի․ - «Ասում է՝ էդ բյուջեով է մեր թոշակառուներին թոշակ տրվում: Եթե վանաձորցի թոշակառուները գոհ են իրենց թոշակից, ուրեմն թող գնան քվեարկեն էդ երկու կուսակցությունների օգտին՝ Հանրապետական և «Լուսավոր Հայաստան», ովքեր դաշինք են կազմել պետական բյուջեի շուրջ Հայաստանի Ազգային ժողովում»:

Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, հանրահավաքի ընթացքում շեշտեց՝ իրենց միակ թիրախը Հանրապետական կուսակցությունն է, այլ թիրախ չունեն: Հակառակ դեպքում, դրանից միայն իշխանությունը կշահի, պնդեց Մարուքյանը․ - «Մենք ընդդիմության դաշտում կռիվ տալու որևէ մեկի հետ չունենք, որևէ մեկի հետ բանավիճելու բան չունենք, որովհետև մեր ու որևէ ընդդիմադիր ուժի բանավեճից շահելու է գործող իշխանությունը: Մենք չենք ուզում ջուր լցնել գործող իշխանության ջրաղացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG