Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Նոյեմբերին չի բացառվում ՀՀԿ ղեկավար կազմի փոփոխություն


Նոյեմբերին կայանալիք Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարի արդյունքում չի բացառվում կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն, հինգշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Պետք է ասեմ, որ համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային Հայաստանի Հանրապետական կուսակցության համար, նախատեսվում են փոփոխություններ՝ և՛ ծրագրում, և՛ կանոնադրության մեջ։ Չեմ բացառում, որ նաև փոփոխություններ լինեն, ինչպես դուք ասացիք, ղեկավար կազմում, որովհետև դա մշտապես ընթացող պրոցես է, բոլոր նախորդ համագումարները, եթե հաշվի առնենք, մշտապես թարմ արյուն եղել է», - ասաց կուսակցության խոսնակը։

Հարցին, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, Շարմազանովը պատասխանեց. - «Ես չբացառեցի ոչ թե մի բան իմանալով, այլ չբացառեցի, որովհետև, ինչպես Բիսմարկն էր ասում՝ «քաղաքականությունը հնարավորինի արվեստ է», և, գոնե իմ կողմից, քաղաքական անգրագիտություն կլիներ քաղաքական պրոցեսներում ինչ-որ բան բացառել, սա է փաստը, և, բնականաբար, չի կարելի բացառել որևէ բան, մանավանդ, որ մենք նախկինում ունենք նման փորձ, մանավանդ, որ կուսակցությունն ինքը կենդանի օրգանիզմ է և կենդանի օրգանիզմը մշտապես կարիք ունի նոր, թարմ արյան»։

Հանրապետական կուսակցության խոսնակը չբացառեց նաև, որ նորանշանակ վարչապետն ու անկուսակցական նախարարները կանդամագրվեն ՀՀԿ-ին:

«Նախ նշեմ, որ նոր նախարարները և վարչապետ Կարապետյանը մեկ քաղաքական թիմի անդամներ են, մեկ անգամ չէ՝ և՛ այս ամբիոնից, և՛ Ազգային ժողովի ամբիոնից նշել են, որ այս կառավարության համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համար։ Կընդգրկվե՞ն նրանք Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմում, թե՞՝ չէ, չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում», - ասաց Շարմազանովը։

Խոսելով կադրային փոփոխությունների մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է արտգործնախարարի և պաշտպանության նախարարի վերանշանակումը կամ այդ պաշտոններին նոր մարդկանց նշանակելը, ու հոկտեմբերի 3-ը ներառյալ Սերժ Սարգսյանը ժամանակ ունի:

Հարցին, թե մարզպետների փոփոխություն սպասվու՞մ է, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Կարծում եմ՝ դուք ուշադիր հետևել եք, որպես պրոֆեսիոնալ լրագրող, հանրապետության նախագահի, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն այս դիմացի դահլիճում՝ խորհրդի նիստի ժամանակ, երբ, որ պարոն նախագահը նշեց, որ սկսած նախագահի աշխատակազմից, մինչև կառավարություն և դատաիրավական համակարգ լինելու են փոփոխություններ, դրա համար չեմ բացառում նաև տարածքային կառավարման մարմիններում, այսինքն՝ մարզպետարաններում փոփոխություններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG