Մատչելիության հղումներ

Երևանում կայացավ ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը


Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագիր (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի ԱԻ կառավարման պետական մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղըզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչներ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անունից նիստի մասնակիցներին ողջունել և նիստ վարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Հ. Հակոբյանը:

«Մեր նախորդ նիստերի աշխատանքը հիմնականում ուղղված է եղել նորմատիվ իրավական ակտերի մշակմանը և անդամ երկրներում մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը: Շարունակվում է նաև աշխատանքը կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Կարծում եմ, որ համակարգող խորհրդի հետագա աշխատանքն այսուհետ առավել գործնական է լինելու և ուղղված համագործակցության զարգացմանը: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք», - իր խոսքում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը (աղետներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ), ՀԱՊԿ-ի հետ համատեղ կազմակերպվող ուսումնավարժությունների և այլ միջոցառումների իրականացմանը, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների բարձրագույն ուսումնական հաստատություններում անդամ երկրների կադրերի վերապատրաստմանը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Մ. Ղազարյանը զեկուցել է ՀԱՊԿ շրջանակներում իրականացված ուսումնավարժությունների և այլ համատեղ միջոցառումների անցկացման մասին` ուղղված անդամ երկրների փոխգործակցության բարելավմանը:

Քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղըզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի և ՀԱՊԿ միջև ստորագրվեց համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG