Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 28-ին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով ելույթ է ունեցել Սթենֆորդ համալսարանում:
Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը խախտել է 1994-ից 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը, իսկ բուն ռազմական գործողություններն ուղեկցվել են «միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներով», ինչը մեծ վնաս է հասցրել բանակցություններին:
«Հայաստանը միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ միասին, ջանքեր է գործադրում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար: Այս ձևաչափում կողմերը մի քանի անգամ մոտ են եղել կարգավորմանը, բայց վերջին պահին, Ադրբեջանը, որպես կանոն, հետքայլ է կատարել` խափանելով գործընթացը: Դա տեղի ունեցավ 2001 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Շիրակի ակտիվ ներգրավվածությամբ բանակցված Փարիզյան սկզբունքների դեպքում, երբ նախագահ Հեյդար Ալիևը հետքայլ կատարեց: Մյուս օրինակը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ակտիվ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններն էին, երբ 2011 թվականին Կազանի գագաթաժողովին որդի Ալիևը կրկին հետքայլ կատարեց: Սրանք միայն երկուսն են օրինակների երկար շարքում», - ասել է Նալբանդյանը՝ ընդգծելով. - «Ինչպես տեսնում եք, երբևէ չի եղել խնդիրը լուծելու միջազգային բարձր մակարդակի շահագրգռվածության պակաս»:
Նախագահն ընդգծել է, որ 2009 թվականից սկսած ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 5 հայտարարություններով: Նրանք առաջարկել են մեկ ամբողջություն հանդիսացող հիմնարար սկզբունքների փաթեթ, որը ապագա համապարփակ կարգավորման հիմք կարող է հանդիսանալ: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ընդունել է այն` որպես բանակցությունների հիմք:
Հայաստանի արտաքին գերատեսչության պաշտոնակատարի խոսքով, եռանախագահ երկրների նախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Տվյալ առաջարկությունը, Նալբանդյանի փոխանցմամբ, ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:
«Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, քանի որ բանակցող կողմերից մեկը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պատրաստ չէ ընդառաջ գնալ այս առաջարկին և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է տապալել խաղաղ կարգավորման գործընթացը: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները», - ասել է արտգործնախարարի պաշտոնակատարը:
Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը, որը որդեգրել է այլատյացության, ագրեսիվ հակահայկական դիրքորոշում, հաճախ կիրառում է հետևյալ նշանաբանը. «Աշխարհի հայերը մեր համար մեկ թշնամին են»:
«Պատմությանը հայտնի են էթնիկ ատելության նմանատիպ օրինակներ, ներառյալ ոչ այդքան վաղ անցյալում: Ադրբեջանի դպրոցների 11-րդ դասարանի համար նախատեսված պատմության դասագրքերում նշվում է, որ հայերը թյուրք ժողովուրդների գենետիկ թշնամիներն են: Եվ հենց նմանօրինակ քարոզչության ներքո դաստիարակված սերունդն է ապրիլյան քառօրյա ագրեսիայի ժամանակ իրագործել զազրելի ոճրագործություններ: Եվ հենց այդ սերունդն է ականատես եղել Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպայի հերոսացմանը: Հետագայում մարդասպանը հանձնվել էր Ադրբեջանին, որտեղ վերջինս հռչակվել էր հերոս և երիտասարդության համար ընդօրինակման խորհրդանիշ», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը:
Նա նշել է, որ Ադրբեջանում ոչնչացվել է հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների մեծ մասը, ներառյալ միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցները՝ Ջուղայի գերեզմանատան հազարավոր խաչքարեր: Բաքվի իշխանությունները մի քանի անգամ մերժել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների՝ տվյալ վայր այցելելու թույլտվությունը: Ադրբեջանցի ականավոր վիպագիրը ենթարկվել է հալածանքների և ճնշումների Ադրբեջանում հայերի ջարդերի մասին գրելու և հաշտեցման կոչով հանդես գալու պատճառով:
«Քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր շփումներ են ունեցել ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ճաղերի հետևում են հայտնվել որպես հայ լրտեսներ: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ոչ միայն լռեցնել անկախ ձայները երկրի ներսում, բայց նաև արտաքին հարթակում: Ավելի քան հարյուր լրագրող է ներառվել Ադրբեջանի, այսպես կոչված, սև ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելու կամ վերջինիս մասին գրելու պատճառով: Հիրավի, ինչպես գրել է «Վաշինգթոն Փոսթը», Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն փորձում է կործանել անհատական կյանքեր, այլև բանտարկել ազատության բուն գաղափարը: Եվ սա անակնկալ չէ մի երկրի համար, որը դասվում է աշխարհի ամենագրաքննվող տաս երկրների շարքին», - ասել է Նալբանդյանը:
Եթե առկա է հակամարտության կարգավորման ապացուցված որևէ բաղադրատոմս, ապա դրա առանցքը, ըստ Նալբանդյանի, պետք է լինի հասարակությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելը:
«Վստահության ամրապնդումը մեկ այլ կարևոր հարթակ է, որը նույնպես մեծապես խրախուսվում է միջազգային միջնորդների կողմից, հատկապես ապրիլյան զարգացումներից հետո: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման նպատակով պետք է ստեղծվեն ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ: Սա էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ մայիսին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վիեննայում կազմակերպված և հունիսին ՌԴ նախագահի կողմից Սանկտ Պետերբուրգում հյուրընկալած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թվականների եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, որը կարող է նաև լինել կանխարգելման մեխանիզմ, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում, որն իրականացնում է հրադադարի դիտարկումներ», - ասել է Նալբանդյանը՝ նշելով, որ այս առաջարկությունները նոր չեն, դրանք եռանախագահների կողմից բազմիցս վերահաստատվել են: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը համաձայնություն են տվել դրանց, սակայն Ադրբեջանը մերժել է:
«Հատկանշական է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը և անդամ Էլիոտ Էնգելն ավելի քան 80 կոնգրեսականների հետ միասին հավանության են արժանացրել վերոնշյալ առաջարկությունները և վստահության ձևավորման այլ միջոցները: Նրանք կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել շփման գծի երկայնքով հստակ ագրեսիվ գործողությունները: Անշուշտ, պատասխանատվության պետք է ենթարկվի այն կողմը, որը խախտում է հրադադարը, որը հրաժարվում է վստահության ձևավորման միջոցներից, որը մերժում է միջնորդների առաջարկությունները: Հակառակ պարագայում, անպատժելիության մթնոլորտը կխրախուսի ապակառուցողական քաղաքականության շարունակականությունը: Բաքուն միջնորդներին, ներառյալ՝ Միացյալ Նահանգներին, մեղադրում է իսլամաֆոբիայի և Ադրբեջանի դեմ դավադրության մեջ։ Ադրբեջանական կողմը միջնորդներին պիտակավորում է անօգուտ զբոսաշրջիկներ», - ասաց Նալբանդյանը: