Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն արձագանքում է «Բոինգ»-ի կործանման վերաբերյալ երեկ հրապարակված զեկույցին


Քննիչների միջազգային խումբը ներկայացնում է Malaysia Airlines օդանավի կործանման հանգամանքների զեկույցը, Նիուվինգեն, Նիդերլանդներ, 28 սեպտեմբերի, 2016թ.
Քննիչների միջազգային խումբը ներկայացնում է Malaysia Airlines օդանավի կործանման հանգամանքների զեկույցը, Նիուվինգեն, Նիդերլանդներ, 28 սեպտեմբերի, 2016թ.

Ռուսները շարունակում են հերքել «Բոինգի» կործանման հետ առնչությունը:

Հոլանդիայի գլխավոր դատախազի ղեկավարած քննիչների միջազգային խումբը երեկ հրապարակած զեկույցում միանշանակ ընդգծում է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին մալայզիական «Բոինգ»-ը Դոնբասի օդային տարածքում «Բուկ» տեսակի «Երկիր-երկինք» հրթիռով խոցվել է անջատականների կողմից հսկվող շրջանից, իսկ հրթիռը Ռուսաստանից է բերվել:

Քննիչները պատրաստել են նաև անիմացիոն ֆիլմ, որը վերականգնում է հրթիռային համալիրը Սնիժնոյե գյուղի մոտ հասցնելու և օդանավը ոչնչացնելուց հետո Ռուսաստան վերադարձնելու ճանապարհը:

Ֆիլմում կան նաև անջատականների իրական հեռախոսային խոսակցության հատվածներ: Զրուցակիցները քննարկում են համալիրը բեռնատարով հասցնելու և Ռուսաստան վերադարձնելու հետ կապված հարցեր:

Աղետի հետևանքով զոհվել է այդ չարաբաստիկ օրը MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող 298 անմեղ մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները:

Հոլանդացիները ենթադրում են, որ «Բոինգ»-ը, թերևս, ոչ միտումնավոր, ոչնչացրել են ռուս անջատականները, ովքեր, հավանաբար, համոզված են եղել, որ հրթիռն արձակում են ուկրաինական ռազմական բեռնատարի ուղղությամբ:

Շատ կարճ ժամանակ անց համոզվելով, որ տեղի է ունեցել հրեշավոր թյուրիմացություն և վայր է ընկել մալայզիական ուղևորատար ինքնաթիռը՝ անջատականները 4 հրթիռ փոխադրող համալիրի մնացած երեք հրթիռներն անհապաղ վերադարձրել են Ռուսաստան:

Միջազգային խումբը, չի պնդում, որ օդանավը ոչնչացրել են հենց ռուսները:

Խումբն առայժմ հրապարակում է երկու հստակ եզրակացություն. առաջին՝ օդանավը կործանել է Ռուսաստանում արտադրվող «Բուկ» տեսակի հրթիռը, երկրորդ՝ հրթիռն արձակվել է 2014 թվականի հուլիսի 17-ի դրությամբ ռուս անջատականների հոսկողության տակ գտնվող տարածքից:

Ռուսական կողմը ակտիվորեն հերքում է այդ ամենը: Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «հետաքննությունը կողմնակալ է և քաղաքական»:

Մինչդեռ, Վաշինգտոնն արդեն արձագանքել է Հոլանդիայում երեկ հրապարակված զեկույցին: Պետական դեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ հրապարակումները միանգամայն համապատասխանում են դեռ 2014-ի հուլիսին ամերիկացի փորձագետների հայտնած տեսակետին:

«Սա կարևոր քայլ է այդ նողկալի հարձակման հեղինակներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ»,- ասել է Քիրբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG