Մատչելիության հղումներ

Վարչապետը Մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին


Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին:

Կառավարության կայքէջի փոխանցմամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին կատարած աշխատանքի համար:

Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են և ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժևորել այն:

«Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա Հայաստանի քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, հայկական մշակույթը մեծ դեր ունի և կարող է լավ գրավական հանդիսանալ նաև զբոսաշրջիկների ներգրավման առումով: Վարչապետն Արմեն Ամիրյանին և նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG