Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյան. «Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները և միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար:

ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը միության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա ներկայացրել է միության անդամ գործարարների հետ քննարկման արդյունքում բարձրացված մի շարք հարցեր՝ ուղղված բիզնես միջավայրի և տնտեսական ներկայիս իրավիճակի դրական տեղաշարժերին:

Այս առումով Ղազարյանը ողջունել է կառավարության՝ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ մասնավորապես, կարևորելով Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչն ավելի նպատակային ու հասցեական կդարձնի այդ գերատեսչության աշխատանքը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը լինելու է կամուրջ կառավարության ու գործարարների միջև և աջակցելու է բոլոր հարցերում. - «Մենք հետևյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին և անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ»:

Վարչապետի խոսքով, կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու. - «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:

Կառավարության ղեկավարը, խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից, տեղեկացրել է, որ, օրինակ, դիտարկվում է որոշակի հարկային և էներգակիրների մատակարարման մասով արտոնություններ տրամադրելու հնարավորությունը՝ բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան: Այդ պայմանները մրցակցության առումով որևէ խնդիր չեն ստեղծի մյուսների համար և կնպաստեն երկրում ներդրումների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական զարգացման ռազմավարությանը, հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը, Հարկային օրենսգրքի նախագծին և հարակից այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և գործարար համայնքի հետ շարունակական համագործակցությունը՝ առաջարկելով արագ արձագանքել կառավարության նախաձեռնություններին և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG