Մատչելիության հղումներ

Պետգնումների 70 տոկոսը կատարվում է մեկ անձից․ «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»


Հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցը կրկին փաստում է՝ գնումների ոլորտում ռիսկեր կան:

Պետական բյուջեի մոտ 30 տոկոսը ծախսվում է գնումների վրա, իսկ այդ գնումների գործարքների 70 տոկոսն իրականացվում են մեկ անձից, առանց բաց մրցույթի, փաստում է «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը իր՝ այսօր ներկայացրած գնումների մասին զեկույցում։

«Չնայած մեր օրենքն ասում է, որ պատվիրատուների համար նախընտրելի ձևը դա բաց մրցակցային ընթացակարգն է, կյանքն ասում է՝ չէ, օրենք, կներեք, դուք սխալ եք, մեր պատվիրատուների համար նախընտրելի ձևը մեկ անձից ձեռքբերումն է, ինչը հասկանալի է: Որովհետև մեկ անձով ես կուզենամ՝ իմ հորեղբոր տղու հետ պայմանագիր կկնքեմ, ում հետ կուզենամ պայմանագիր կկնքեմ», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ըստ զեկույցի, օրինակ, Հայաստանի ֆինանսների նախարարությունը վերակառուցման աշխատանքները պատվիրում է գրեթե միշտ նույն ընկերությանը՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ին, Քննչական կոմիտեն՝ «Ագաթ 777» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Աղվան Կարապետյանն է, ով նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ղեկավարած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ է։

«Մեր ուսումնասիրությունները հենց էդ են փաստում, որ շուկան մեծ հաշվով մասնատված է, այսինքն՝ կան մոտավորապես թվով, եթե չեմ սխալվում, 168 ընկերություններ, որոնք մեծ հաշվով պետական գնումների շուկայի 90 տոկոսը իրենք են: Եվ եթե նոր խաղացողներ հայտնվում են, դրանք կարող են հայտնվել մինչև 10 հազար դրամանոց գրիչի կամ ինչ-որ մի ոչ էական իրի ձեռքբերման համար», - նշեց գնումների մասնագետը:

Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի մասին բարձրաձայնող «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ը գնումներում շահերի բախմանն առնչվող բաժնում նշում է, որ ԴԱՀԿ-ն մեկ անձի հիմքով ավտոմեքենաների վերանորոգման պայմանագիր է կնքել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի հետ, որն, ըստ մամուլի, փոխկապակցված է տարիներ շարունակ ԴԱՀԿ-ն ղեկավարած Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ։ Իսկ օրինակ Ազգային անվտանգության խորհուրդը ավիատոմսեր է գնել անշարժ գույքի չափագրմամբ զբաղվող մի ընկերությունից։

Զեկույցի հեղինակների ուշադրությունը գրավել է նաև այն, որ տասնյակ պետական մարմիններ գնումներ հայտարարելիս տեխնիկական բնութագրերը կարծես թե հարմարեցնում են որևէ կոնկրետ ընկերության։

«Մի ֆիմա կա, «Լոկատոր» ՓԲԸ, որը պատրաստում է հակակարկտային կայաններ: Չի եղել տեղ, որ ինքը հաղթի: Միշտ «Բարվա» ընկերություն կա, որը ավելի թանկ գներով առնում է: Ու կոնկրետ էս մարդը արդեն էնքան է հոգնել, չի էլ մասնակցում գնումներին: Բայց մի անգամ փորձել է պայքարել իր իրավունքների համար և ներկայացրել է բողոք, որ Մեծ Մանթաշի գյուղապետարանը արդեն էնպես ա տեխնիկական բնութագրերը կազմել, որ մենակ «Բարվան» կարող է մասնակցի մրցույթին», - նշեց Արտակ Մանուկյանը:

Արդեն տարիներ շարունակ Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ գնումների ոլորտում մեծ գումարներ են ծախսվում, մեծ են նաև կոռուպցիոն ռիսկերը։

«Մոտ 30 տոկոսը բյուջեի գնումներ են: Դե դուք պատկերացրեք՝ այնտեղ այդ կոռուպցիոն դրսևորումներն ինչի կարող են բերել: Դժբախտաբար, քաղհասարակությունն այդքան չի խորանում այդ չարաշահումները վերհանելու մեջ», - ասաց Հոկտանյանը:

Այսօր քննարկմանը ներկա Ֆինանսների նախարարության միակ պաշտոնյան՝ բյուջեների կատարման և պետական գնումների մեթոդաբանության բաժնի պետ Վահե Մահտեսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, իսկ հակակոռուպցիոն կենտրոնի հաշվետվությանը խոստացավ ծանոթանալ։

«Չեմ ուզում բանավեճի մեջ մտնենք ու էդ դեպքերի հետ կապված մեր արգումենտները ներկայացնենք: Որպես Ֆինանսների նախարարություն կներկայացնենք հաշվետվությանը մանրամասն ծանոթանալուց հետո: Հուսով եմ՝ էնտեղ մենք կգտնենք բոլոր հարցերի պատասխանը, որոնք իմ համար հարցական մնաց», - նշեց պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG