Մատչելիության հղումներ

Առաջիկա 4 օրերին Ստամբուլի դատարանը կքննի Հրանտ Դինքի սպանության գործը


Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում այսօր մեկնարկել են հայկական «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով քառօրյա դատական նիստերը: Սեպտեմբերի 26-ին, 27-ին, 29-ին և 30-ին թուրքական դատարանը կքննի 35 կասկածյալների գործերը, որոնց շարքում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան: Միևնույն ժամանակ ընթանում է սպանության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող ժանդարմերիայի աշխատակիցների հարցաքննությունները:

Տարիներ շարունակ Դինքի դատական գործին հետևած «Դուր Դե» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն ներկայացրեց ավելի քան 9 տարի շարունակվող դատավարության ընթացքն ու զարգացումները: Բաքըրջըօղլուի խոսքերով` չնայած սպանությունը հրահրած Յասին Հայալը և անմիջական իրագործող Օգյուն Սամասթը բացահայտվել և դատապարտվել են, այնուհանդերձ, մինչև օրս անհայտ է մնում Դինքին սպանելու որոշում կայացրած կառույցը, չի բացահայտվել, թե ովքեր և երբ են կայացրել այդ որոշումը: Փաստաբանը նշեց, որ վերջին շրջանի ձերբակալությունները կարող են օգնել այդ հարցերի պարզաբանմանը: «Ազատության» այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո շրջանառության մեջ դրված վարկածը, թե Դինքի սպանությունը Ֆեթուլլահ Գյուլենի կառույցի կողմից է ծրագրվել, Բաքըրջըօղլուն նշեց.

«Տարիներ շարունակ մենք պնդում ենք, որ Հրանտ Դինքի սպանության գործում բազմաթիվ մարդիկ են ներգրավված, հետևաբար այս սպանության համար պատասխանատվություն են կրում ինչպես Ֆեթուլլահ Գյուլենի կառույցի հետ առընչություն ունենալու մեջ մեղադրվող անձինք, այնպես էլ այդ կառույցի հետ կապ չունեցող անձինք: Դատական գործի սկզբից ի վեր բարձրաձայնում ենք համընդհանուր պատասխանատվության և սպանության մեջ մի շարք անձանց ու խմբերի դերակատարության մասին»:

Անդրադառնալով վերջերս հրապարակված տեսանյութերին, որոնք բացահայտում են սպանության վայրում ժանդարմերիայի 6 նախկին աշխատակիցների գտնվելու հանգամանքը, փաստաբանը հայտնեց, որ այդ տեսագրությունները վաղուց կցված են եղել գործին:

«Այդ տեսանյութերը նոր չեն և դատական գործին կցված են դեռևս 2007 թվականից: Սակայն դրանց ուսումնասիրություն կատարվել է վերջին երկու տարվա ընթացքում և այսօր հայտնի դարձել մամուլին և հանրությանը», - ասաց Բաքըրջըօղլուն:

Նա, կարևորելով հետաքննության մեջ նկատվող առաջընթացը, հույս հայտնեց, որ արդար և անկողմնակալ դատավարության պարագայում հնարավոր կլինի ամբողջությամբ բացահայտել Դինքի սպանության գործը:

«27 պետական պաշտոնյայի նկատմամբ դատական գործ է հարուցվել, և դատավարությունները շարունակվում են: Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպած և իրագործած խմբավորման շուրջ ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալություններ են կատարվել: Եթե հետաքննությունը անհրաժեշտ արդյունավետությամբ իրականացվի, բացահայտվի հանցագործությունը կատարած խմբավորման վերին օղակը և հաշվի առնելով առկա ապացույցները անկողմնակալ ու արդյունավետ դատավարություն ընթանա, ապա հնարավոր կլինի լույս սփռել Հրանտ Դինքի սպանության վրա», - ասաց Դինքի ընտանիքի փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG