Մատչելիության հղումներ

Մուրացկանը՝ «խոշոր ներմուծող»


Մրգեր հայաստանյան սուպերմարկետներից մեկում, արխիվ
Մրգեր հայաստանյան սուպերմարկետներից մեկում, արխիվ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք բացահայտելու մասին:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ Կ.Ս.-ի անունով այս տարվա մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 միլիոն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ: «Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 22-րդ բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ.Ս.-ի ինքնությունը պարզելու և ՀՀ տարածք ներկրված ապրանքների բեռնաթափման և տեղակայման վայրերը ճշտելու նպատակով: Ձեռնարկված քայլերի արդյունքում Կ.Ս.-ն հայտնաբերվել է: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016 թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն», - փոխանցում է ՊԵԿ-ը՝ ընդգծելով․ - «Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե՛ սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե՛ ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով»:

Դեպքին վերաբերող բոլոր փաստագրական տվյալներն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու և ապրանքների իրական ներկրողներին հայտնաբերելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով»: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG