Մատչելիության հղումներ

Օհանյանն այցելել է ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը:

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, մարտավարական բնագծի պաշտպանական դիրքերի և ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարի ուշադրության կենտրոնում են եղել նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:

Նույն օրը Սեյրան Օհանյանը այցելել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի հարազատներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Անդրանիկի հարազատներին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքին և նշել, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր հնարավորության սահմաններում սատար կանգնելու նրանց և մնացած բոլոր զինծառայողների հարազատներին։

Հանդիպման ընթացքում Անդրանիկի հայրը վերհիշել է որդու հետ կապված հիշարժան դրվագներն ու զինծառայության մեկնելու նախօրյակին նրան տրված պատգամները։ Ատոմ Զոհրաբյանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG