Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննեց հուլիսին Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։
Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, որոշումը նախատեսվում է հրապարակել այսօրվա ընթացքում։
Փակ դռների հետևում դեռևս երեկվանից ընթացող դատական նիստից հետո Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ համոզված են, որ դատարանը կբավարարի Հատուկ քննչական ծառայության դիմումը։
Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, բայց անկեղծ ասած, հույս չունենք, որ մեր առարկությունները դատարանը կընդունի, որովհետև դատարանը մեկ այլ գործով նույն ներկայացված նյութերի հիման վրա արդեն իսկ որոշում է կայացրել՝ անձին կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու։ Այո, Գառնիկ Հովակիմյանի գործով և այս առթիվ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք, որ արդեն հին նյութերի հիման վրա կարծիք է հայտնել և կաշկանդված լինելով այդ կարծիքով չի կարող Վարուժան Ավետիսյանի գործով այլ բան ասել, դատարանը մերժեց, այս գործի ելքը, որպես այդպիսին, կանխորոշված է», - ասաց Զաքարյանը։
«Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու քրեական գործը քննող նախաքննական մարմինը դիմումներ է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել զինված խմբի անդամների կալանքը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է կատարել քննչական գործողություններ, և որ ծռերը պետք է շարունակեն մնալ կալանավայրերում, քանի որ ազատության մեջ կխոչընդոտեն նախաքննությանը, կազդեն գործով անցնող անձանց վրա կամ էլ կթաքնվեն նախաքննական մարմնից։
Ծռերի պաշտպանները անհիմն են համարում նախաքննական մարմնի այս դիրքորոշումը։ «Մեր խնդրանքը՝ հասցեագրված դատարանին, որպեսզի միջից պահանջի պարզաբանումներ՝ հասկանալու՝ ինչու այս գործողությունը մինչ այդ չի կատարել, ինչն է անհրաժեշտությունը որոշակի գործողություն կատարելու, ոչ մի հիմնավորում սրա մասին չկա», - ասաց Զաքարյանը»
Երեկ դատարանը ևս երկու ամսով երկարացրել է զինված խմբի անդամներից «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Գագիկ Եղիազարյանի, Գառնիկ Հովակիմյանի, Մարտիրոս Հակոբյանի կալանքի ժամկետները։
Հիշեցնենք, ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում մահացել է 3 ոստիկան։ Զինված խմբի անդամների մի մասը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու մյուս մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու և շենք շինություններ զավթելու հոդվածներով։