Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Իսկանդարյան. «Իսկանդեր»-ը ոչ թե պատերազմելու, այլ հակառակորդին զսպելու համար է


Ալեքսանդր Իսկանդարյան, արխիվ
Ալեքսանդր Իսկանդարյան, արխիվ

«Անկախության 25-ամյակի զորահանդեսին ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային համալիրները առաջին հերթին ոչ թե պատերազմելու, այլ հակառակորդին զսպելու համար են», - գնահատելով երեկվա ռազմական շքերթը՝ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այդ համակարգերն, ընդհանուր առմամբ, գոյություն ունեն ոչ թե կրակելու համար, այլ՝ զսպելու: Միայն «Իսկանդեր» ունենալու փաստը փոխում է իրավիճակը, եթե նույնիսկ հակառակորդ կողմն էլ ունի դրանից․ այո՛, նրանք կարող են կրակել, բայց մենք էլ կարող ենք», - ասաց քաղաքագետը։

Ապրիլյան դեպքերը պատերազմ չհամարող քաղաքագետը պնդեց նաև, որ քառօրյա բախումները լայնամասշտաբ պատերազմի չվերաճեցին նաև հայկական զինված ուժերի կազմում նման հեռահար զինատեսակների առկայության պատճառով:

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, «Իսկանդեր» հրթիռային համալիրների և մյուս նոր զինատեսակների առկայությունը չի բացառում բախումների կրկնությունը:

«Իսկանդեր»-ն այն չէ, ինչի միջոցով կարելի է կանխարգելել ապրիլյանի պես էսկալացիաները, պաշտպանության եղած համակարգերը, այդ թվում՝ երեկ զորահանդեսին ցուցադրված զենքերը, կանխում են բախումների վերաճումը պատերազմի, բայց ապրիլյանի չափերով իրադարձությունները կախված են լիովին այլ հանգամանքներից՝ նավթի գներից, Ադրբեջանի քաղաքական վիճակից և այլն», - ասաց Իսկանդարյանը։

«Իսկանդեր» հեռահար հրթիռային համալիրները կարող են խոցել թիրախն ավելի քան 500 կմ հեռավորության վրա, հայկական զինված ուժերի կազմում դրանց առկայության մասին տարբեր աղբյուրներ խոսում էին դեռ երեք տարի առաջ, բայց պաշտոնապես «Իսկանդեր»-ի մասին հայտարարվեց միայն երեկ՝ Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսին:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, անկախության զորահանդեսը անհրաժեշտ էր հատկապես նրա համար, որ Ադրբեջանում չխորանա այն մտայնությունը, թե Հայաստանը զգալիորեն զիջում է զինտեխնիկայի հնարավորություններով:

«Մինչ այդ նրանք մտածում էին, որ ռուս-հայկական ռազմատեխնիկական հարաբերությունները այնքան վատն են, որ 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում մատակարարվելիք սպառազինությունը չի մատակարարվում։ Եթե Ռուսաստանն իրենց վաճառում է հարձակողական սպառազինություն, ապա դա նշանակում է, որ իրենց ավելի շատ նախապատվություն են տալիս։ Նման սխալ հաշվարկներ, ոչ միայն սխալ հաշվարկներ, այլ, ցավոք սրտի, նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից նման ոչ դաշնակցային ուղերձներ, որոնք նա թողեց, հաստատապես պատճառներից մեկը դարձան ապրիլյան պատերազմում արկածախնդրության դիմելու համար», - ասաց Սաֆարյանը։

Արձագանքելով հեռահար հրթիռային համակարգի՝ ռուսական ռազմաբազային պատկանելու կամ ռուսական կողմից վարձակալած լինելու մասին կարծիքներին, երեկ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրված ողջ սպառազինությունը, այդ թվում՝ հեռահար «Իսկանդեր» հրթիռային համալիրները, համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգերը, հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Բուկ» զենիթահրթիռային համալիրները և ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն «Ինֆաունա» կայանները, պատկանում են Հայաստանի զինված ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG