Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը իշխանության «հեքիաթներին» չի հավատում


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իշխանության հեքիաթներին չի հավատում, և նույնը խորհուրդ է տալիս անել ժողովրդին:

Հիշեցնենք, երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե երկիրը «համակարգային բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել»: Մինչդեռ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հակադարձում է՝ 18 տարի շարունակ կոռումպացված իշխանությունը չի կարող գնալ ինքնասպանության:

«Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել։ Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում, դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն, ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն։ Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ», - հայտարարեց նախագահը։

Զուրաբյան. - Ես այդ ամենին չեմ հավատում։ Կարող են նախարարություններ անվանափոխել, կարող են միացնել նախարարություններ, բաժանել, կարող են անգամ որոշ տխրահռչակ օլիգարխների պաշտոններից հանել, նշանակել ինչ-որ մարդկանց, ովքեր աչքի չեն ընկել չարաշահումներով, բայց դա ոչինչ չի փոխելու, բացատրեմ՝ ինչու. անգամ եթե մի օր Սերժ Սարգսյանն արթնանա այն վիճակում, որ նա լրիվ պայծառատես է և պատրաստ է վերափոխել Հայաստանը, նա չի կարողանալու դա անել։ Այսինքն, մենք ինչպե՞ս կարող ենք վստահել և հավատալ, որ 17 տարի պետական կառավարումը ձախողած ուժը կարող է 19-րդ տարում ինչ-որ մի լավ բան անել։ Դա, կներեք, հեքիաթ է, որին չեմ կարծում, որ շատերը կհավատան։

«Ազատություն». - Այդ թվում՝ Հայ ազգային կոնգրե՞սը։

Զուրաբյան. - Հայ ազգային կոնգրեսը ընդհանրապես հեքիաթների չի հավատում։ Եթե կան հեքիաթներին հավատացողներ, կամ եթե իշխանությունները հույս ունեն, որ 18 տարի խաբելով՝ ակնկալել, որ ժողովուրդն իրենց կհավատա, նրանք ունեն ժամանակ մինչև այդ ընտրությունները՝ ապացուցելու, որ իրենց բռնած ճանապարհը ճիշտ է։

«Ազատություն». - Ինչպե՞ս, առաջին քայլը, օրինակ, ո՞րը պետք է լինի։

Զուրաբյան. - Եթե ժողովուրդը տեսնում է, որ մենաշնորհները քանդվում են, եթե ժողովուրդը տեսնում է, որ գները լայն սպառման ապրանքների վրա ընկնում են, իսկ դա անմիջապես կլինի, հենց որ մենաշնորհները քանդվեն, եթե ժողովուրդը տեսնում է, որ հավասար մրցակցության պայմաններ են ստեղծվում, արտոնյալներ չկան, ապօրինի հովանավորյալներ չկան, ժողովուրդը դրա պտուղներն անմիջապես կզգա։

«Ազատություն». - Արդեն տեսակետներ են հնչում, որ [նորանշանակ վարչապետ] Կարեն Կարապետյանի կադրերը տեխնոկրատներ են, նրանք անկուսակցականներ են, հանրությանը հայտնի չեն, աչքի չեն ընկել, ինչպես նաև դուք նշեցիք, տարբեր սկանդալային պատմություններով կամ օլիգարխիկ որոշակի կենսագրությամբ, և այսօր էլ Կարեն Կարապետյանը նրանցից պահանջել է համարձակ քայլեր, ասելով, որ՝ «ազատ եք ձեր երազած ոլորտը կարգի բերելու հարցում»։ Այսինքն, եթե նախարարներին ասվում է, որ խաղի կանոններն այլևս այսպիսին են լինելու՝ մաքուր խաղի կանոններ են լինելու, ի՞նչն է նրանց խանգարելու իրականացնել այդ բարեփոխումներ։

Զուրաբյան. - Իրենց խանգարելու է քաղաքական համակարգը, իրենց խանգարելու է քաղաքական թիմը, քաղաքական մեծամասնությունը պառլամենտում կեղծված և բոլորովին այլ շահերով ապրող այդ համակարգը։ Գիտեք ինչ, այդ համակարգը չի կարող թույլ տալ, որ ռեֆորմը գնա առաջ, որովհետև նա չի կարող զբաղվել ինքնասպանությամբ։

«Ազատություն». - Անգամ եթե աղետալի վիճակո՞ւմ է գտնվում երկիրը և նաև այդ երկրում ապրող իշխանությունը և իրենց համակարգը։

Զուրաբյան. - Թեկուզ և ելնելով նրանից, որ իրավիճակը անելանելի է և պետք է գնալ արմատական քայլերի, մենք չենք հավատում, որ դա հնարավոր է արվի այդպիսի կոռումպացված իշխանության կողմից, ուստի և մենք ուղղակի դրան չենք հավատում, մենք կոչ ենք անում ժողովրդին՝ նման հեքիաթների չհավատալ: Միակ լուծումը այն է, որ ժողովրդի աջակցությամբ, ժողովրդական շարժումը գա իշխանության: Մենք դա տեսնում ենք՝ այդ հեռանկարը, հատկապես այն փոփոխություններից հետո, որ պետք է կատարվեն Ընտրական օրենսգրքի մեջ, մենք տեսնում ենք այդ հեռանկարը, մենք վստահ ենք, որ այո, ընտրությունների միջոցով 2017 թվականի ապրիլի 2-ին հնարավոր է լրիվ վերափոխել իրավիճակը, քաղաքական համակարգը Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG