Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը


Էդվարդ Նալբանդյանը նախագահում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, Նյու Յորք, 21-ը սեպտեմբերի, 2016թ․
Էդվարդ Նալբանդյանը նախագահում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, Նյու Յորք, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նիստը նախագահել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներ են ունեցել մի շարք երկրների ղեկավարներ։

Երեկ Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը նաև հանդիպումներ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի, Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյի, Իսլանդիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի նախարար Լիլյա Ալֆրեդսդոտիրի, Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ:

Նույն օրը, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

Ելույթ ունենալով միջոցառմանը ներկա համայնքային կառույցների ներկայացուցիչների, նյույորքահայերի առջև` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Պատմության ոլորաններով հազարամյակներ շարունակ բարձրացող մեր ժողովուրդն այսօր նշում է իր նորանկախ պետականության ընդամենը քառորդ դարը։ Այդ քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21 եղել է յուրահատուկ քննություն Հայոց նոր պետականության կայացման ճանապարհին։ Ճանապարհ, որի հանգրվաններն էին Արցախի գոյամարտը, ուր պետք էր պարտադրել զինադադար, երկրաշարժից ու պատերազմից խոնարհված մեր քաղաքներն ու գյուղերը, որ պետք էր վերականգնել, ցրտի ու խավարի ծանրության տակ կքած հասարակությունը, որ պիտի ոտքի կանգներ»։

«Այս քսանհինգ տարիներին Մայր Հայրենիքը մշտապես զգացել է աշխարհով մեկ ցրված մեր քույրերի և եղբայրների ապրումներն ու հույզերը, ուշադրությունն ու հոգատարությունը, որի կրողն եք այսօր նաև դուք բոլորդ՝ այստեղ ներկաներդ։ Ձեզնից յուրաքանչյուրն, անկասկած, իր մեջ կրում է Հայաստանի մի մասնիկ, բայց ձեզնից յուրաքանչյուրը նաև Հայաստանի մի մասնիկն է», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Հայ ժողովրդի ներկա սերունդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պատասխանատվություն է կրում ոչ միայն այս քառորդ դարի համար։ Այդ պատասխանատվությունն իր մեջ ներառում է նաև հայ ժողովրդի դարավոր անցյալը՝ բոլոր լուսավոր ու դժվարին էջերով։ Բայց այդ պատասխանատվությունը տարածվում է նաև ու հատկապես գալիք դարերի վրա, որովհետև այդ գալիքի հիմքը մեծ չափով կառուցվում է այսօր։ Մեր ժողովրդի անցյալ դարերի և գալիք դարերի միջև ահա այս քառորդ դարն է, այսօրվա Հայաստանը՝ համայն հայության Հայրենիք Հայաստանի Հանրապետությունը, որն ընդամենը 25 տարեկան է, բայց որը նաև արդե՛ն 25 տարեկան է», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG