Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր


Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես հայկական զինված ուժերի բոլոր տեսակների մասնակցությամբ:

Ցուցադրվեցին հայկական բանակի նորագույն ձեռքբերումները, որոնց մասին վերջին շրջանում լրատվամիջոցները գրում են․ հեռահար՝ «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ՝ «Սմերչ» համակարգեր, հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ և ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն՝ «Ինֆաունա» համակարգ:

Անկախության 25-ամյակի կապակցությամբ հանդես գալով շնորհավորական խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց՝ Հայաստանը վճռական է պաշտպանելու իր ազատությունը․ - «Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել: Այսօր` 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ: Վկան այս զորահանդեսն է»:

Հատկանշական է, որ նախագահ Սարգսյանը կարևորեց նաև ազատ հասարակության կայացումը․ - «Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը»:

Անդրադառնալով այսօրվա զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինությանը՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց․ - «Առաջին հերթին՝ ներկայացվածը զսպող նշանակություն ունի: Երբ ոչ ոք և որևէ բան չի կարող կանխել Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա, սա մի ուղերձ էր Ադրբեջանին՝ զերծ մնալ նման քայլից: Երկրորդ, և, հավանաբար, սա ավելի կարևոր է, ներկայացված սպառազինությունը գերազանցապես ունի պաշտպանական նշանակություն: Այս ամենը ներկայացվեց հարևան երկրներին, աշխարհին հասկացնելու, որ միգուցե Հայաստանը նոր հարձակման սպառնալիքի առջև է, սակայն Հայաստանը սպառնալիք չէ այլ պետություններին: Բացի այդ՝ զորահանդեսը ցույց տվեց, որ ռազմական առումով Հայաստանն ավելի է հզորացել, ավելի արհեստավարժ բանակ ունի և, իհարկե, այս զորահանդեսը ազգային հզորության մի ցուցադրություն էր: Այնուամենայնիվ, այսօր պակասում էր ժողովրդավարության և տնտեսության ուղղություններով ձեռքբերումների ցուցադրությունը, ուր ցույց տալու քիչ բան ունենք»:

Եվ վերջում՝ «Ազատությունը» հետաքրքրվեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից՝ արդյո՞ք այսօր զորահանդեսի ժամանակ ցուցադրված ողջ սպառազինությունը՝ ներառյալ «Իսկանդեր» հրթիռային համալիրները, պատկանում են Հայաստանի զինված ուժերին: Պատասխանը դրական էր:

«Հայաստանի 2016թ․ զորահանդեսին և ընդհանրապես՝ այլ զորահանդեսներում ցուցադրված տեխնիկան պատկանում է Հայաստանի զինված ուժերին», - ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ ներառյալ «Իսկանդեր» հրթիռային համալիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG