Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ․ «25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու և զարգանալու ժամանակաշրջան»


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Անկախության տոնի էությունն ու իմաստը դուրս են մեր պետության սահմաններից, քանզի այն, համապետական տոն լինելով հանդերձ, միաժամանակ, համաժողովրդական է: Այդ մասին ասված է Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հղած շնորհավորական ուղերձում:

«Քառորդ դար առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու իրավական հնարավորությունը միայն Հայաստանի քաղաքացիներինն էր, սակայն դրա արդյունքը պատմական ու ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի տարածքում բնակվողների, այլև նրա սահմաններից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող, սակայն իրենց այդ սահմանների ներսում համարող մեր միլիոնավոր հայրենակիցների համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի՝ մեր գրեթե միաձայն «այո»-ն նոր ճանապարհի գիտակցված ընտրության ազդարարումն էր», - ընդգծում է ԱԺ նախագահը՝ շարունակելով․ - «25 տարի է մենք ապրում ենք ինքնիշխան պետականությամբ օժտված մեր անկախ երկրում, որի սահմանները պայմանականորեն են բաժանում հայաստանաբնակ և արցախաբնակ, ամերիկաբնակ ու ավստրալաբնակ, եվրոպաբնակ ու ասիաբնակ հային»:

«25 տարի է համահայաստանյան ու համահայկական ջանքերով Հայաստանի Հանրապետությունն իր մնայուն տեղն է ամրապնդել աշխարհի քաղաքական ու տնտեսական քարտեզի վրա, որն աշխարհաքաղաքական տարբեր շահերի հետևանքով պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Անհրաժեշտ ճկունության ու շրջահայացության համադրումով մենք կարողացել ենք մշտական ամրագրում ստանալ այդ տարածության մեջ` դրսևորելով սկզբունքայնություն ու հաստատակամություն, պահի և իրավիճակի համապատասխան զգացողություն: 25 տարվա ընթացքում շատերն են անարդյունք փորձել տարբեր, այդ թվում և ռազմական մեթոդներով ու միջոցներով խախտել համահայկականությունն ու սերն առ հայրենիք, փորձել են թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ու նրա սահմանների մոտ, թե՛ նրա սահմաններից ներս: Եվ 25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու և զարգանալու ժամանակաշրջան, որի ընթացքում միշտ մտածել ենք հաղթանակի և ոչ երբեք` պարտվելու մասին՝ առաջնորդվելով ու գործելով հաղթողի հոգեբանությամբ ու հաղթանակի տրամաբանությամբ», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում:

«Մեր պետական ու հասարակական մտածելակերպում պարտվողականության գաղափարը տեղ չունի, որովհետև այդպիսի մտածողությամբ ոչ պետություն կկայանա, ոչ էլ հասարակություն», - նշում է Սահակյանը:

Ազգային ժողովի նախագահը շեշտում է նաև, որ «Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժն ու խթանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG