Հայաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ հանդիսավոր նիստ է տեղի ունեցել պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի առաջարկով նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի ազատության և անկախության համար կյանքը նվիրաբերած հայորդիների վառ հիշատակը:
Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանվիրական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ սեպտեմբերի 21-ը համայն հայության համար առանձնակի հպարտության օր է, որն իր մեջ է ամփոփում է անցած փառավոր ճանապարհի և փառահեղ հաղթանակների վերարժևորման բերկրանքը: 25-ամյա անկախություն, որի մեծագույն նվաճումը հայոց բանակի ստեղծումն է, որն արդեն երկու տասնամյակից ավելի հաջողությամբ իրականացնում է հայրենիքի անվտանգության ապահովման և սահմանների հուսալի պաշտպանության առաքելությունը:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն էլ նկատել է, որ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում հայկական բանակի ուժն ու հզորությունը, հետևողականորեն իրականացվող բարեփոխումներն էին, որ թույլ տվեցին ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման նպատակով խորացնել ու ընդլայնել երկկողմ և բազմակողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը բազմաթիվ երկրների հետ: Փոխնախարարը փաստել է, որ անկախության հռչակումն ու քայլ առ քայլ ամրապնդումը հնարավորություն տվեցին նաև իրավամբ դառնալ Արցախի տարածքային ամբողջականության և արցախահայության ֆիզիկական անվտանգության երաշխավորը, հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիսավոր նիստը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար մի շարք զինծառայողներ խրախուսվել են պետական և գերատեսչական պարգևներով: