Անկախության 25-ամյակի առթիվ «Ազատություն»-ը զրուցել է Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի և իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։
«Ազատություն». - Հետխորհրդային շատ երկրներ են այս տարի նշում անկախության 25-ամյակը, կարո՞ղ եք մատնացույց անել որևէ մեկը, որ Ձեզ ցանկալի ճանապարհով գնաց։
Վարդան Հարությունյան. - Մերձբալթյան երեք հանրապետությունները [Լիտվա, Էստոնիա, Լատվիա]։ Մենք կարող ենք նրանց նախանձել՝ բարի նախանձով։ Նրանք գնացին բոլորովին այլ ճանապարհով, նրանք կարողացան զերծ մնալ Մոսկվայի կողմից ստեղծված, մտածված սադրանքներից, չտրվեցին այդ սադրանքներին, չմտան հարևանի հետ պատերազմի մեջ, հակասությունների մեջ, ինչ-որ զոհողությունների գնացին, ինչ-որ բաներից հրաժարվեցին և ընտրեցին այն ճանապարհը, որ ճանապարհը, որ նրանց բերեց իրենց այսօրվա օրվան։ Վերջին տարիներին՝ երկու-երեք տարվա ընթացքում, Ուկրաինան է արդեն ընտրել այդ ճանապարհը՝ մեծ զոհողությունների գնով, իհարկե, բայց նույնպես կհասնի մեծ հաջողությունների։ Վրաստանի զոհողություններից մենք բոլորս տեղյակ ենք, նա մեր մոտ հարևանն է, էլի հսկայական զոհողությունների գնացին՝ Ռուսաստանի հետ պատերազմի արդյունքում, բայց կտրվում են Ռուսաստանից և շարունակում են դիմակայել դեռ։ Անկախ երկիր լինել, դա դեռ չի նշանակում լինել լավ երկիր, Հյուսիսային Կորեան նույնպես անկախ երկիր է, Իրանը նույնպես անկախ երկիր է, Կանադան, Նորվեգիան... Անկախությունն ընդամենն ազատություն տանող ճանապարհն էր, ուրիշ ոչ մի բան։ Այդ ճանապարհը մենք պետք է անցնենք։
Պարույր Հայրիկյան. - Գիտեք, պարծենալու մասին չէի խոսի, բայց ես գոհունակություն ու հանգիստ գոհունակություն եմ տեսել էստոնացի ընկերներիս մոտ, ես հանգիստ եմ նայում, որ մենք ստացանք մեր արժանի տեղը, լատիշները, մերձբալթյան երկրները, ուկրաինացիք գոհ են, որ իրենց պետությունն ունեն, պարծենալ չէի ասի, նրանք շատ են խոսում իրենց խնդիրների մասին, բայց Յանուկովիչն [Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ] իրենց օգնեց, որպեսզի որոշ գործընթացներ արագանան, իր կամքից անկախ օգնեց։ Անկախությունը մեկանգամյա գործողություն է, անկախացար՝ վերջացավ, ինքնորոշումը մշտական գործողություն է, ինքնորոշումը դա ծառն է, որը կարող է ամեն տարի պտուղ տալ՝ մի անգամ անկախություն կտա, մի անգամ կտա Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացում, մի անգամ դեպի ՆԱՏՕ կտանի, մյուս անգամ կտանի դեպի ստրկացում՝ կախված քո ժողովրդի մակարդակից, բայց ժողովուրդը սովորաբար չի սխալվում, եթե նրա վճռորոշ դերակատարություն ունեցող անձինք տարբեր պետությունների գործակալական ցանցերի խամաճիկները չեն։
«Ազատություն». - Ձեր բերած երկրների օրինակից կարո՞ղ եմ ենթադրել, որ Հայաստանի մասով էլ կայացման ճանապարհի խոչընդոտներից մեկը Կրեմլն է եղել։
Վարդան Հարությունյան. - Միանշանակ, անկախություն հռչակած երկրներում, որտեղ, որ Կրեմլը ունեցել է մեծ լծակներ, այդ երկրները նահանջ են ապրել և ապրում են […]։ Աշխարհի համար է Ռուսաստանը արգելանք, և մենք ինչ չափով, որ դուրս գանք նրա ազդեցության ոլորտից, այդ չափով մենք առաջ ենք գնալու։
Պարույր Հայրիկյան. - Մենք նկատի ունենք՝ ռուսական իմպերիալիզմը պետք է Հայաստանում չլինի։ Ես այդ գծի հավատարիմ հետևորդն եմ մնացել, այլ կերպ չի էլ կարող լինել, որևէ առողջ բանականությանը տեր մարդ չի կարող համակերպվել իմպերիալիստական նկրտումների գոյության հետ իր հայրենիքում, բայց մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ այստեղ ոչ միայն անդրադարձն է, այլ մեր անկախության ճանապարհին կանգնած է ռուսական իմպերիալիզմի այն համակարգը, որը որ անցյալում բացահայտ էր գործում, հիմա սկսեց աշխատել իր գործակալներով։
«Ազատություն». - Կարո՞ղ եք ասել, այս՝ անցած 25 տարիների, Հայաստանի ամենաողբերգական և ամենաերջանիկ, լուսավոր օրերը։
Վարդան Հարությունյան. - Ինձ համար Հայաստանի ամենալուսավոր օրը, ոչ թե սեպտեմբերի 21-ն էր, այլ օգոստոսի 23-ը, երբ ընթերցվեց հռչակագիրը, որ Հայաստանը լինելու է անկախ պետություն, իսկ էդ տարիների ընթացքում ողբերգական շատ դեպքեր ենք մենք տեսել, ամենամեծ ողբերգությունը ինձ համար, երևի թե ժողովրդավարությունից նահանջն է։
Պարույր Հայրիկյան. - Ինձ համար լուսավոր էր 87 թվականը, երբ մենք հունվարին ժողով արեցինք, դեռ շարժումը չկար, Արցախյան շարժումն էլ դեռ չկար, որոշված էր որ մենք պետք է մայիսի 28-ին, քանի որ 70-ամյակն է, պարզենք եռագույնը, բայց որ ինձ կալանավորեցին, Մովսեսին, Մեխակ Գաբրիելյանին, մյուսներին հերթով բերում բանտ, տանում էին, ես կարծում էի, որ դա չի լինի, բայց երբ իմացա, որ եռագույնը ծածանել են, դա արդեն լույս էր՝ կարծես թե, խավարի մեջ լույս պարզվեց։