Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։
«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արշակ Գրիգորյանի դիակը։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։ Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասերով», - ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։