Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. Ջավախահայերի գլխավոր խնդիրը վրացերենին չտիրապետելն է


Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի համոզմամբ` ջավախահայության գլխավոր խնդիրներից մեկը պետական լեզվին չտիրապետելն է: Այս մասին Իվանիշվիլին հայտարարեց երեկ Ախալցխա կատարած այցի ընթացքում:

«Ես չեմ կարծում, որ Ախալքալաքում հայոց լեզվի խնդիր գոյություն ունի: Որևէ մեկը լեզվական սկզբունքով հայերին չի ճնշում: Այլ խնդիր է, որ տեղի հայ բնակչությունը վրացերենին չի տիրապետում, այդ իսկ պատճառով էլ այն չի կարողանում ձուլվել, չի կարողանում պաշտոններ զբաղեցնել պետական համակարգում», - նշում էր Իվանիշվիլին` պատասխանելով Ախալքալաքում գործող հայալեզու լրատվամիջոցներից մեկի թղթակցի հարցին:

Հայ լրագրողուհին, ի դեպ, փորձում էր պարզել` արդյոք Վրաստանը պատրաստվում է հայերենը տարածաշրջանային լեզու հռչակել` վավերացնելով համապատասխան եվրոպական կոնվենցիան: Նման խոստում, ըստ լրագրողի, Իվանիշվիլին հնչեցրել էր տարածաշրջան կատարած իր նախկին այցերից մեկի ժամանակ:

Նշենք, որ դեռ 2013-ի աշնանը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարած Բիձինա Իվանիշվիլին ակտիվ հանրային ասպարեզ վերադարձավ վերջին շաբաթներին: Հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախկին վարչապետը շրջում է մարզկենտրոններով` հանդիպելով տեղական մամուլի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների ընթացքում նա նաև կոչ է անում աջակցել «Վրացական երազանք»-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին: Բացառություն չէր նաև Ախալքալաքում և Նինոծմինդայում առաջադրված Հենզել Մկոյանը, ով, ի դեպ, 2012-ին խորհրդարան էր անցել Միխեիլ Սաակաշվիլիի Ազգային միացյալ շարժման ցուցակով: Հայազգի գործչի քաղաքական անցյալը, սակայն, ըստ Իվանիշվիլիի, չի խանգարի իշխող կուսակցությանը մինչև վերջ պաշտպանել Մկոյանի թեկնածությունը:

«Նա այդ տարածաշրջանում ժողովրդականություն է վայելում, Մկոյանը տեսավ, որ նախկին իշխանությունների օրոք չի կարողանում իրագործել իր ծրագրերը, և որոշեց միանալ «Վրացական երազանք»-ին: Նրա համար կարևորը գաղափարախոսությունն է», - պնդում էր Իվանիշվիլին` ջավախահայ լրագրողներին նաև խոստանալով ընտրություններից հետո ավելի հաճախ այցելել Ախալքալաք և Նինոծմինդա:

Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը Վրաստանի հայաբնակ շրջաններում բավական ակտիվ են: Երեկ, օրինակ, Ախալցխա և Ախալքալաք էր ժամանել ընտրարշավի առաջատարներից մեկը` «Պետություն հանուն ժողովրդի» դաշինքի ղեկավար Պաատա Բուրչուլաձեն: Վրաստանում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն, Բուրչուլաձեի ղեկավարած դաշինքը իր աջակիցների թվով այսօր երրորդն է` «Վրացական երազանք»-ից ու Ազգային միացյալ շարժումից հետո:

Ավելի վաղ Ախալքալաք էին ժամանել հանրապետականները` կուսակցության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորությամբ:

«Մենք ձեր թիկունքին կանգնած կլինենք, ձեզ հետ միասին, ձեր կողքին: Եթե այսօրվա հանդիպումից հետո որևէ մեկը մի ծուռ հայացք նետի ձեր ուղղությամբ, պարզապես ասեք մեզ: Մենք կպաշտպանենք ձեզ, դա ինձ համար` թե՛ որպես Վրաստանի քաղաքացու և թե՛ որպես խորհրդարանի խոսնակի, պատվի հարց է: Եկե՛ք, քվեարկե՛ք Հանրապետական կուսակցության, Ախալքալաքի, Ջավախքի և ողջ Վրաստանի օգտին», - Ջավախքի հայերին դիմելով՝ ասում էր Դավիթ Ուսուպաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG