Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կայացել է Ղարաբաղի հարցով ԻՀԿ «կոնտակտային խմբի» առաջին նիստը


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«Հայաստանը պետք է գիտակցի, որ ռազմական սադրանքներն ու ստատուս քվոյի պահպանման փորձերը լուրջ սխալ է», - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցով «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) «կոնտակտային խմբի» առաջին նիստին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը վերջ կտա Ադրբեջանի տարածքներում իր ռազմական ներկայությանը և բարի կամքի սկզբունքներից ու խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունից ելնելով բանակցություններ կսկսի Ադրբեջանի հետ», - ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու հավելել․ - «Ինչքան շուտ Հայաստանը իր զորքերը հանի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այնքան լավ կլինի տարածաշրջանի անվտանգության համար»։

«Իսլամական համագործակցություն» կազմակերպությանը անդամակցում է աշխարհի մահմեդական երկրներից 55-ը, այդ թվում նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ և Հայաստանի դե յուրե դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղզըստանը և Տաջիկստանը, իսկ Ռուսաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ և ակտիվորեն մասնակցում է ԻՀԿ աշխատանքներին։ Իսլամական այս կազմակերպությանը անդամակցում են նաև Հայաստանի չորս անմիջական հարևաններից երեքը՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։

Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում ԻՀԿ շրջանակում ապրիլին ստեղծված Ղարաբաղի հարցով «կոնտակտային խմբի» գործունեության հետ։ «Կոնտակտային խմբի» կազմում են յոթ պետություններ՝ Թուրքիան, Մարոկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան և Ջիբութին։ Խմբի գործունեության նպատակն է, ինչպես Նյու Յորքում երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը, «ստիպել Հայաստանին ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG